Արմավիրի ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունքը փակվում է. 19 բուժաշխատող կմնա առանց աշխատանքի

31 հուլիսի, 2015  13:50

Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը փակվում է: Այս փաստը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հաստատեց կլինիկայի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:

Փակման պաշտոնական պատճառը՝ շենքի անհամապատասխանությունն է սահմանված նորմերին: Տնօրենի խոսքով՝ առաջիկա երկու ամսվա ընթացքում բաժանմունքի անձնակազմը աշխատելու է  Մեծամորի կլինիկայում, որտեղ պայմաններն ավելի հարմար են: Իսկ ինչ կլինի նրանց հետ երկու ամիս հետո, պարզ չէ: Ամենայն հավանականությամբ, այդ մարդկանց մեծ մասը կմնա առանց աշխատանքի:

Այս տեղեկությունները հաստատեցին նաեւ փակվող բաժանմունքի աշխատակիցները: Մեծամորի բժշկական կենտրոնում նրանք աշխատելու են միչեւ սույն տարվա հոկտեմբերի 1-ը, ինչից հետո 12 բազմափորձ բուժքույր եւ 7 սանիտարուհի կմնան առանց աշխատանքի: Ի՞նչ ճակատագիր է սպասում այս մարդկանց, հայտնի չէ: Կլինիկայի աշխատակիցները դեռեւս չգիտեն, ինչ են անելու, որովհետեւ այն համեստ աշխատավարձով, որը ստանում են, հոգում են իրենց օրվա հացի խնդիրը, վարկեր փակում:

«Բոլորս այդ 60 հազար դրամով ընտանիք ենք պահում: Բացի այդ՝ բուժքույրերի մեծ մասը բանկից վերցրած վարկեր ունի, եւ այժմ մենք չենք էլ պատկերացնում, թե ինչ ենք անելու», - նշեց բուժքույր Կարինե Կարապետյանը:

Բաժանմունքի բուժքույրերը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեցին նաեւ, որ շինությունը, իհարկե, վերանորոգման կարիք ունի, սակայն այն պիտանի է շահագործման համար, եւ այդ շինությունում երկար տարիներ բարեխղճորեն օգնություն են ցուցաբերել բոլոր այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում