«Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը ներկայացնում է Յոլյանների ընտանիքը

3 օգոստոսի, 2015  11:40

«Կոչումով բժիշկ» նախագծի տասնյոթերորդ թողարկումը նվիրված է Յոլյանների բժշկական ընտանիքին, որի հիմնադիրը Ռուբեն Հովսեփի Յոլյանն է: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռ. Յոլյանը մեծ աշխատանք է կատարել էվակոհոսպիտալների կազմակերպման ուղղությամբ՝ լինելով հանրապետության առաջատար վիրաբույժներից մեկը: 1947 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է հանրապետության Հեմատոլոգիայի եւ արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը , որի անփոփոխ տնօրենն է եղել մինչեւ կյանքի վերջը: Այժմ այդ կենտրոնը կրում է անվանի վիրաբույժ եւ հասարակական գործիչ Ռուբեն Յոլյանը անունը:

Կոչումով բժիշկների տոհմից է սերում նաեւ պրոֆեսոր Սուրեն Լեւոնի Յոլյանը: Նրա գործունեությունը բնութագրում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կլինիկական գիտական հետազոտությունների լայն շրջանակը: Նրա գիտական աշխատություններին բնորշ հատկանիշները համարվում են կլինիկա-պաթոֆիզիոլոգիական հիմնահարցերի համալիր վերանայումները եւ համապատասխան բուժումները: Սյունյաց աշխարհում հայտնի Յոլունց տոհմի բժշկական գիծը շարունակում են Ռուբեն Յոլյանի եղբոր՝ հայտնի աշուղ Ղազար Յոլյանի շառավիղները: Նրա հինգ զավակներից Հրանտը, Գուրգենը եւ Յուրին, եւս բժշկի մասնագիտությունն են ընտրել: Հանրաճանաչ գերդաստանում համախմբված նշանավոր գիտնականների, զինվորականների, բժիշկների, մանկավարժների շարքերն այսօր էլ համալրվում են նոր անուններով:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում