Facta sunt potentiora verbis. Երեւանում ապացուցողական բժշկության թեմայով գիտաժողով է բացվել

24 սեպտեմբերի, 2015  13:39

«Facta sunt potentiora verbis» (Փաստերը խոսքից ուժեղ են): Այսպես սկսեց իր ելույթը Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը Երեւանում  ապացուցողական բժշկության թեմայով միջազգային երկրորդ գիտաժողովի բացման ժամանակ: Դիմելով գիտաժողովի կազմակերպիչներին՝ ռեկտորը նշեց, որ նրանք դժվար ճանապարհ են ընտրել, իրենց առջեւ դժվար խնդիրներ են դրել: Բայց  հույս հայտնեց, որ այս ամենի արդյունքում Հայաստանում ի վերջո կմշակվեն բժիշկների ու հիվանդների համար անվտանգ առաջարկներ՝ գուցե պրոտոկոլների ու կլինիկական ուղեցույցերի տեսքով:

Ընդ որում նա նշեց, որ բժշկության մեջ գիտական գործունեությունն ունի իր առանձնահատկությունները, քանի որ ի տարբերություն պարզապես գիտության, որտեղ փորձը մտածում ու կազմակերպում է հենց ինքը՝ գիտնականը, բժշկության մեջ փորձերի հեղինակը բնությունն է, իսկ երբեմն էլ՝ հիվանդի կամ բժշկի ճակատագիրը: Իր խոսքերը ամրապնդելու համար նա հիշեցրեց, թե վերջին տասնամյակներին ինչպես է զարգացել թոքաբորբի իրավիճակը:

Նրա խոսքով 80 ականներին թոքաբորբի իրավիճակը հետեւյալն էր. պենիցիլին, ստրեպտոմիցին – առողջություն: 90 ականներին՝ գենտամիցին, ցեֆալոսպորին- ապաքինում: Իսկ այսօր բնության վիրուսային փորձերի արդյունքում թոքաբորբը դարձել է աշխարհում մահացության չորրորդ պատճառը՝ զիջելով միայն արտաքին գործոններին, սրտանոթային ու ուռուցքաբանական հիվանդություններին: «Սա փաստ է, իսկ փաստերը, ինչպես գիտեք՝ համառ են» հիշեցրեց Միքայել Նարիմանյանը, բայց միաժամանակ հավելեց, որ փաստերը պետք է մանրակրկիտ ու ամենայն պատասխանատվությամբ ընտրվեն: «Դրանք պետք է անցնեն պատասխանատվության մաղով ու նոր միայն ներկայացվեն բժշկական հանրությանը»,-ամփոփեց ռեկտորը:

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ելույթ ունենալով գիտաժողովի մասնակիցների առջեւ, հիշեցրեց, որ այն կոչվում է «Ապացուցողական բժշկություն՝ տեսությունից պրակտիկա» ու նշեց, որ Հայաստանում վերջին տասը տարիներին անցման այս գործընթացը աստիճանաբար իրականացվում է: Նրա խոսքով, ձեւավորվել է բժիշկների երիտասարդ սերունդ, որն իրեն չի պատկերացնում ապացուցողական բժկությունից դուրս ու իր գործողություններում առաջնորդվում է միայն այդ սկզբունքներով:

«Ապացուցողական բժշկությունը մեզ թույլ է տալիս սակավամիջոց համակարգում ավելի հստակ գնահատականներ տալ. ինչ տեսակի բժշկական տեխնոլոգիաներ պետք է ներդնենք մեր երկրում, որ դեղորայքն է ավելի արդյունավետ եւ քիչ ռիսկային։ Այն թույլ է տալիս լուծել իրավական բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր հասարակությանը եւ բժշկական հանրությանը խիստ անհանգստացնում են։ Այդ բոլորը իրար հետ կազմում է բժշկական օգնության որակ, որն անշուշտ առաջնահերթ է ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանի հանրապետությունում»,- ասաց նա:

«Ապացուցողական բժշկություն՝ տեսությունից պրակտիկա» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովն անցնում է Երեւանում՝ սեպտեմբերի 24-26-ը: Դրա նպատակը, ինչպես NEWS.am Medicine –ի թղթակցին պատմեց Ապացուցողական բժկության մասնագետների հայկական ասոցացիայի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը, ապացուցողական բժշկության գաղափարների տարածումն է, նաեւ դրա սկզբունքների ուսուցանումը:

Գիտաժողովին հրավիրված են մոտավորապես 20 օտարերկրացի մասնագետներ՝ Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից ու Բահրեյնից, որոնք ուսանողների ու բժիշկների հետ սեմինարներ կանցկացնեն: Կլինի նաեւ կլինիկական ուղեցույցների մշակմանը նվիրված Workshop, որը վարելու են Կոկրեյնյան համագործակցության առաջատար մասնագետներ Մարկ Վիլսոնը ու Զբիշ Ֆեդորովիչը: Գիտաժողովին հրավիրված են նաեւ ԱՀԿ ներկայացուցիչ Սյուզան Նորիսը ու ապացուցողական բժշկության ռուսաստանյան ասոցացիայի հիմնադիր Վասիլի Վլասովը:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցացիան, Երեւանի բժշկական համալսարանը, Առողջապահության ազգային ինստիտուտը ու Հանրապետական գիտաբժշկական գրադարանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում