Տղամարդիկ կարողանում են տարբերել անհավատարիմ կնոջը՝ ընդամենը մեկ հպանցիկ հայացք գցելով նրա լուսանկարին

2 հոկտեմբերի, 2015  23:42

Տղամարդիկ կարողանում են անծանոթ կնոջ լուսանկարից հասկանալ՝ արդյոք նա հակված է դավաճանությունների: Այս մասին հայտնում են Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի հոգեբանները:

Հետաքրքրաշարժ ուսումնասիրության շրջանակում գիտնականները տղամարդկանց առաջարկել են նայել 34 կանանց լուսանկարներ, ընդ որում  այդ կանանց մասին որեւէ լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդել: Լուսանկարները ներկայացվել են զույգ-զույգ. դրանցում պատկերված կանանցից մեկը երբեք չի դավաճանել, իսկ մյուսը ՝ անցյալում առնվազն երկու անգամ դավաճանել է իր զուգընկերոջը: Դեպքերի 59 տոկոսում փորձի մասնակիցներն արդեն մի քանի վայրկյան անց հաջողությամբ նույնականացրել են «անհուսալի» կանանց:

Փորձի ղեկավար Սամանտա Լեյվերսի կարծիքով, պոտենցիալ զուգընկերոջ անհավատարմությունը կանխատեսելու ունակությունն, ըստ երեւույթին, մարդկանց մոտ զարգացել է էվոլյուցիոն ճանապարհով: Ճիշտ է, սովորաբար նման ունակություններով կարող են պարծենալ կանայք, իսկ ինչ վերաբերում է տղամարդկանց ՝ ապա գիտնականները դեռ պետք է պարզեն, թե ինչ մեխանիզմների օգնությամբ են տղամարդիկ տարբերում դավաճանության նկատմամբ կանանց հակումը:

«Մենք առաջին անգամ ենք ականատես լինում, որ միայն լուսանկարի միջոցով կանանց հավատարմության մասին տղամարդկանց դատողությունները իրավացի են: Առաջ նման հնարավորություններ մենք բացահայտել ենք միայն կանանց մոտ: Հատկապես ապշեցնում է այն, որ ուսումնասիրության մասնակիցները կարողացել են ճիշտ եզրակացություն անել ՝ լուսանկարի վրա նետած ընդամենը մեկ հպանցիկ հայացքից հետո», - նշել է Լեյվերսը:

Մի շարք նախկին հետազոտություններ պարզել էին, որ «հավատարմության ազդանշան» կարող է լինել կնոջ գրավչությունը, ունքերի եւ դեմքի ներքեւի մասի կառուցվածքը: Այս ոլորտում փորձեր են արել նաեւ Նյու յորքի համալսարանի հոգեբանները, նրանք հայտնաբերել են, որ մարդու ուղեղը ունակ է ճանաչել ազնիվ մարդուն ընդամենը 33 միլիվայրկյանում:

Տվյալ հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS One ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում