Նարնջի հյութը բարելավում է ուղեղի աշխատանքը եւ օրգանիզմը լիցքավորում էներգիայով

7 հոկտեմբերի, 2015  22:44

 

Եթե զգում եք, որ հոգնել եք ու այլեւս եռանդ չունեք, սուրճի փոխարեն փորձեք նարնջի հյութ խմել: Մասնագետներն ասում են, որ այն  նույնպես բարելավում է կենտրոնանալու, արագ արձագանքելու ունակությունը եւ օրգանիզմին եռանդ հաղորդում: Ավելին՝ այս ներգործությունը մի քանի ժամ է տեւում:

Հետազոտության շրջանակում Reading University-ի գիտնականները երկու օրվա ընթացքում 24 երիտասարդ տղամարդկանց բարդ առաջադրանքներ ու թեստեր էին տալիս: Առաջին օրն առաջադրանքից առաջ նրանց տվել են  մեկ բաժակ թարմ նարնջի հյութ: Երկրորդ օրը նրանց տվել են շաքարաջուր՝ բուրավետ հավելումներով, որը նույնպես նարնջի հյութի համ ուներ:

Առաջին օրը փորձի մասնակիցները շատ ավելի լավ ու արագ են կատարել առաջադրանքները եւ ավելի ուշադիր են եղել, քան երկրորդ օրը: Նույնիսկ 6 ժամ հետո տղամարդիկ եռանդով լի էին:

Ամենայն հավանականությամբ այս էֆեկտը կապակցված է ֆլավոնոիդների՝ այն օգտակար նյութերի հետ, որոնք կան շատ մրգերում, հատապտուղներում ու բանջարեղենում: Դրանք կարող են բարելավել ուղեղի արյան շրջանառությունը՝ դրանով իսկ նպաստելով ուղեղի բջիջների միջեւ տվյալների արագ փոխանցմանը:

Դրա համար էլ հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս առավոտյան ուտել ֆլավոնոիդներով հարուստ մրգեր կամ խմել դրանցից պատրաստված հյութ. դա կօգնի մի քան ժամ պահպանել ուշադրությունը ու եռանդը:

Նախորդ հետազոտությունները նույնպես ցույց էին տվել, որ նարնջի հյութը լավացնում է ուղեղի աշխատանքը, բայց այդ հետազոտություններում մասնակիցները հյութը խմել էին ամեն օր մի քանի շաբաթ շարունակ:

Այս հետազոտության մասին հայտնում է European Journal of Nutrition reports-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում