Կապույտ պանիրն ու կանաչ ոլոռը պաշտպանում են քաղցկեղից եւ ձեռքբերովի թուլամտությունից

10 հոկտեմբերի, 2015  21:02

Կապույտ պանրի եւ կանաչ ոլոռի մեջ առկա նյութերը երիտասարդացնում են օրգանիզմը եւ այն պաշտպանում տարիքի հետ կապված հիվանդություններից, այդ թվում նաեւ՝ Ալցհայմերի եւ Պարկինսոնի։ Այդ մասին հաղորդել են Weizmann Institute-ից իսրայելցի գիտնականները։

Նրանց խոսքով, կանաչ ոլոռում, սոյայում, եգիպտացորենում եւ կապույտ պանրում սպերամիդին կոչվող նյութ է պարունակվում, որը «երիտասարդացնում է» օրգանիզմի ներքին ժամացույցը։ Գիտնականները պարզել են, որ պոլիամինների (բոլոր կենդանի բջիջներում առկա բաղադրիչների) մակարդակի նվազումը ցիրկադային ռիթմերի եւ ծերացման դանդաղում է առաջ բերում։

Պոլիամինները կարեւոր դեր են խաղում ցիրկադային կենսաբանության մեջ, որովհետեւ ազդում են ցիրկադային ռիթմերի ժամացույցի աշխատանքի վրա։ Սպերմիդինը խոչընդոտում է պոլիամինների մակարդակի բարձրացմանը՝ դրանով խոչընդոտելով ծերացման գործընթացը։ Իհարկե, այդ ամենը դեռեւս մկների վրա է ապացուցվել։

Weizmann Institute-ի գիտնականների բացահայտումը ցույց է տվել, որ հստակ կապ կա ցիրկադային ռիթմերի եւ նյութափոխանակության միջեւ՝ դրանով իսկ ապացուցելով, որ սննդային միջամտությունները, որոնք մոդելավորում են օրգանիզմի ներքին օրգանների աշխատանքը, նոր հնարավորություններ ունեն։ Հիշեցնենք, որ ցիրկադային ռիթմերի խանգարումները կապված են մի շարք տարիքային հիվանդությունների հետ, ներառյալ՝ ուռուցքները, բորբոքային գործընթացները եւ ձեռքբերովի թուլամտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում