Բարեգործական վազքի մասնակիցները ՀՀ-ում 2 մլն դրամ են հավաքել՝ ՄՈւԿ-ով հիվանդ երեխաների համար

13 հոկտեմբերի, 2015  17:51

Երեւանյան առաջին կիսամարաթոնի շրջանակում Run Yerevan Charity Runners Team-ի բարեգործական վազորդներին հաջողվել է 2 մլն դրամ հավաքել՝ այսինքն հենց այնքան,  որքան անհրաժեշտ է անապահով ընտանիքների՝ մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ)  հիվանդ 8 կոնկրետ երեխաների համար օժանդակ սարքավորում գնելու համար: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին հայտնել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ղեկավար Նարինե Մանուկյանը:

Հավաքված գումարով կազմակերպության ներկայացուցիչները ծրագրում են մոտ ապագայում ՄՈւԿ-ով հիվանդ երեխաների համար գնել օրթոպեդիկ 4 սայլակ, 1 վերտիկալիզատոր ու 4 տրինաժոր՝ 2 հատուկ վազքուղի, 1 հեծանիվ ու մեկ սթեփփեր: Այս բոլոր սարքավորումներն անհրաժեշտ են այդ երեխաներին ու կօգնեն զգալիորեն բարելավել նրանց կյանքի որակը ու ֆիզիկական հնարավորությունները: Քանի որ այդ սարքավորումները բավականին թանկ արժեն՝ այդ երեխաների ընտանիքները չեն կարող գնել դրանք, ու դրա համար էլ պարզապես անգնահատելի է բարեգործական վազորդների ու բոլոր այն մարդկանց օգնությունը, որոնք  գումար են փոխանցել ու օգնել են հավաքել այդ 2 մլն-ը:

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 4-ին անցել է Առաջին երեւանյան կիսամարաթոնը, որին մասնակցել են  մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրացիներ, դեսպաններ ու դեսպանատան աշխատակիցներ, ինչպես նաեւ  Run Yerevan Charity Runners Team-ի անդամները, որոնք այս վազքը կազմակերպել էին բարեգործական նպատակով, որպեսզի գումար հավաքեն մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար:

Հիշեցնենք նաեւ, որ սա արդեն երկրորդ միջոցառումն է, որը բարեգործական վազորդների այս խումբը կազմակերպել է  ՄՈւԿ-ով հիվանդ երեխաների համար. այս տարվա մայիսին եւս մեկ մարաթոն է եղել, որի շրջանակում հավաքված գումարները հատկացվել են հաշմանդամություն ունեցող 15 երեխաների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում