Գիտնականները կազմել են հպումների համար մարմնի մասերի «հասանելիության քարտեզը»

29 հոկտեմբերի, 2015  23:49

Ֆինլանդիայի ու Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, թե եվրոպական տարբեր երկրներում բնակվող տղամարդիկ ու կանայք իրենց մարմնի որ մասերին դիպչելն են թույլատրելի համարում:

Մասնագետները Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Ռուսաստանի ավելի քան 1.3 հազար կամավորականների խնդրել են մարմնի սխեմատիկ պատկերի վրա ներկել այն մասերը, որոնց թույլ կտային, որ ուրիշները դիպչեն: Հարցման բոլոր մասնակիցները «հպումների քարտեզներ» են կազմել իրենց զուգընկերների՝ ամուսնու կամ կնոջ, ծնողների, եղբայրների, քույրերի, հորեղբայրների ու մորաքույրների, ծանոթների ու անծանոթների համար:

Պարզվել է, որ որքան մտերիմ են հարաբերությունները, այդքան ավելի քիչ են հպումների արգելքները: Էրոգեն գոտիները հասանելի էին միայն սեռական զուգընկերների համար: Կանայք անծանոթ տղամարդկանց համար անմատչելի են համարում իրենց մարմնի գրեթե բոլոր մասերը: Սակայն տղամարդիկ դեմ չեն, որ կինը՝ նույնիսկ անծանոթ, դիպչի իրենց մարմնի որեւէ մասի: Ազգային պատկանելիության խնդիրը հպումների թույլատրելիության հարցում շատ քիչ դեր է կատարում:

«Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ հպումները սոցիալական կապերի պահպանման կարեւոր միջոց են: Քարտեզի կառուցվածքը հստակ պայմանավորված է այն բավականությունով, որը պատճառում են հպումները՝ որքան ավելի հաճելի են հպումները մարմնի այս կամ այն մասին, այդքան ավելի շատ ենք մենք դրանց հասանելիությունը սահմանափակում ուրիշների համար», - նշել է հոդվածի համահեղինակ Յուլիա Սուբիլեխտոն: Հետազոտության արդյունքները ներկայացված են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում