Դաունի համախտանիշով տղամարդը բոդիբիլդինգի առաջնությանը 5-րդ տեղն է գրավել (ֆոտո)

19 նոյեմբերի, 2015  12:59

22-ամյա Քոլին Քլարկը, որը Դաունի համախտանիշով է ծնվել, երկար պատրաստվում էր բոդիբիլդինգի առաջնությանը եւ իր երազանքն իրականացնելու համար  27 կիլոգրամ նիհարել էր: Այժմ տղամարդը վերջապես կարողացել է իրականացնել իր երազանքը եւ մասնակցել բոդիբիլդինգի առաջնությանը, որն ընթացել է ԱՄՆ-ի Լուիսվիլլ քաղաքում: 

Առաջնությունում Քոլինը 5-րդ տեղն է զբաղեցրել, ինչը նորեկի համար բավականին լավ ցուցանիշ է համարվում: Ընդ որում առաջնության կազմակերպիչները նրան այլ կերպ չէին վերաբերվում. տղամարդն այլ մասնակիցների հետ մրցում էր հավասարը հավասարի: 

Դաունի համախտանիշը որոշ դեպքերում  մկանային տոնուսի նվազման, ծնվելու պահին քաշի եւ հասակի պակասի է հանգեցնում: Դրա համար էլ այդ գենետիկ խանգարումն ունեցող մարդկանց համար սովորաբար ավելի դժվար է մարմնի որոշակի համամասնություններ պահպանել, առավել եւս` զբաղվել բոդիբիլդինգով, որը որոշակի կազմվածք եւ մկանային կառուցվածք է պահանջում: 

Այժմ Քոլինի քաշը մոտ 70 կիլոգրամ է, իսկ նրա օրգանիզմում ճարպի քանակը  10 տոկոսից էլ պակաս է: Նրա ելույթը ցույց է տվել, որ նա հսկայական աշխատանք է կատարել իր մարզչի` Գլեն Ուբելհորի հետ, որի հետ ընկերացել է:  

«Ես ուղղակի աներեւակայելի եմ զգում, առաջնությունից հետո հարցազրույցում պատմել է Քոլինը: Երբ բեմի վրա էի, սրահում տեսնում էի բոլոր այդ մարդկանց, որոնք թանկ են ինձ համար, ներառյալ իմ մարզչին: Նա է ինձ ոգեւորել եւ ոգեշնչել, որ հասնեմ այն ամենին, ինչին հասել եմ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում