Քաղցկեղից մեռնող 8-ամյա տղան հանդիպել է իր կյանքի սիրուն (ֆոտո)

20 նոյեմբերի, 2015  19:39

Երբ Դեվիդ Սպիսակը 2 տարեկան էր, նրա մոտ լեյկեմիա հայտնաբերեցին: Այդ ժամանակվանից արդեն 6 տարի է անցել, եւ վիրջինիացի տղան ոսկրածուծի երկու փոխպատվաստում է տարել, ու, չնայած դրան, այս տարվա մարտին նրա մոտ արդեն չորրորդ անգամ քաղցկեղ ախտորոշեցին: 

Բժիշկները երեխայի ծնողներին զգուշացրել էին, որ առանց բուժման նա  4-6 շաբաթից ավել չի ապրի, սակայն ծնողները որոշեցին, որ նա պիտի քիչ ժամանակ ծախսի հիվանդանոցում եւ ավելի շատ` փողոցում, սովորական երեխաների նման:    Ծնողներն ուզում էին, որ   նա հասցնի զգալ ու ապրել այն ամենը, ինչ հնարավոր է այն ժամանակի ընթացքում, որ նրան մնում էր ապրելու: Այդ որոշման շնորհիվ տղան կարողացավ հասկանալ, թե սերն ինչ է: 

Սեպտեմբերին Դեւիդը երկրորդ դասարան տեղափոխվեց, բայց հիվանդության պատճառով համարյա չէր կարողանում դասի գնալ: Նրա մայրը` Էմբերը, գիտեր, որ նրան դուր է գալիս իր համադասարանցին`  7-ամյա Այլան, բայց չէր պատկերացնում, թե այդ երկուսի միջեւ որքան ամուր է կապը, մինչեւ որ հայտնաբերեց Այլայի բացիկները, որոնցում նա գրում էր, թե շատ է կարոտում Դեւիդին: Համադասարանցիները եւս գրել էին, որ Այլան շատ է կարոտում նրան: 

Էմբերը զանգեց Այլայի մորը` Անգելային, եւ նրանք որոշեցին իրենց երեխաների համար ժամադրություն կազմակերպել: Ինչպես պատմում են արեւմտյան լրատվամիջոցները, Դեվիդը զանգել է Այլային եւ պաշտոնապես խնդրել է ժամադրվել իր հետ:  

Ժամադրության ընթացքում Այլան հրում էր նրա հաշմանդամի սայլակը, օգնում էր բերել բոուլինգի գնդակները: Ավելին` Դեւիդը վերջին ամսվա ընթացքում առաջին անգամ վեր էր կացել հաշմանդամի բազկաթոռից եւ զբոսնել էր` հենվելով սիրած աղջկա ուսին:  Նրա ծնողները մոտերքում էին, որպեսզի օգնեն, եթե հանկարծ ընկնի, սակայն նա միայն Այլայի օգնությունն էր ընդունում` փորձելով քայլել միայն նրա վրա հենվելով: 

«Ամեն ինչ այնքան բնական էր: Որեւէ մեկի կողմից որեւէ անվճռականություն չկար: Նրանք ուղղակի ուզում էին միասին լինել», - պատմել է տղայի մայրը:

Երեկոյի ավարտին Դեւիդն առաջին անգամ համբուրեց, ճիշտ է` այտը: 

«Մենք երբեք չէինք մտածում, թե նա կհասցնի սերը ճանաչել: Չէ՞ որ նրա ժամանակն այնքան սահմանափակ է: Բայց մենք տեսանք դա, դա իսկական էր», - պատմել է Էմբերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում