Նոտր Դամի համալսարանի գիտնականները նոր նյութեր են բացահայտել, որոնք կարող են արագացնել շաքարախտով հիվանդների վերքերի առողջացումը: Չսպիացող, խրոնիկ վերքերը շաքարախտի վատագույն բարդացումներից են, որոնք միայն ԱՄՆ-ում տարեկան 70 000 անդամահատման պատճառ են դառնում: Նոր բացահայտումը կարող է օգնել այնպիսի դեղեր ստեղծել, որոնք կարագացնեն խրոնիկական վերքերի սպիացումը եւ կկանխեն անդամահատումները:
Վերոհիշյալ համալսարանի հետազոտողները ավելի վաղ շաքարախտով հիվանդ մկների վերքերում երկու` MMP-8 եւ MMP-9 ֆերմենտ էին հայտնաբերել: Նրանք ND-322-ի ինհիբիտորի միջոցով արգելափակել են դրանք, ինչն արագացրել է փորձակենդանիների վերքերի սպիացումը: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները հայտնել են MMP-9-ի ավելի որակյալ ինհիբիտորի բացահայտման մասին, որը կոչվում է ND-336: Այդ ինհիբիտորը 6 ամգամ ավելի հզոր է, քան ND-322-ը:
«Մենք պարզել ենք, որ ND-336-ի միջոցով չսպիացող վերքերի վրա ազդելն անհամեմատ ավելի էական արդյունք է տալիս, քան ND-322-ի ազդեցությունը, դրա պատճառը MMP-9-ի արգելափակման գործում ND-336-ի ավելի լավ սելեկտիվությունն է», - ասել են գիտնականները:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ MMP-9-ի եւ MMP-8 սելեկտիվ ինհիբիտորների համադրումն ավելի է արագացնում սպիացիումը: Իսկ դա հույս է ներշնչում, որ հնարավոր է շաքարախտային չսպիացող վերքերի բուժման զգալիորեն ավելի հզոր միջոցներ ստեղծել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում