Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1 դեկտեմբերի, 2015  11:49

Մի քանի տասնյակ տարիների ընթացքում ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության հիվանդությունը հարյուր հազարավոր կյանքեր է խլել, այդ թվում շատ նշանավոր մարդկանց, օրինակ Ֆրեդի Մերկուրիի, Էնթոնի Փերկինսկի ու ուրիշների:

Այսօր նշվում է ՁԻԱՀ –ի դեմ պայքարի Համաշխարհային օրը, որի նպատակն է տեղեկություններ տարածել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի մասին, կազմակերպել միջոցառումներ, որոնք ուղղված են ՄԻԱՎ վարակի տարածման ու ՁԻԱՀ-ի զարգացման կանխարգելմանը, նաեւ հիշել բոլոր նրանց, ովքեր այդ հիվանդության զոհն են դարձել: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշն է կարմիր ժապավենը՝ ոչ մի միջոցառում առանց դրա չի անցնում:

ՁԻԱՀ-ը որպես հիվանդություն գրանցվել է 1981 թ. հունիսի 5-ին Հիվանադությունների վերահսկողության ու կանխարգելման ամերիկյան կենտրոնում: Այդ ժամանակվանից ի վեր շատ բան է արվել ՁԻԱՀ-ի մասին իրազեկման ու դրա կանխարգելման ուղղությամբ: 1996 թ. ՄԱԿ-ը ստեղծել է վեց համաշխարհային կազմակերպությունների միություն: Ստանալով ՄԻԱՎ/ ՁԻԱՀ խնդիրների շուրջ Միացյալ ազգերի համատեղ ծրագիր անվանումը (Joint United Nations Programme on HIV/AIDS, UNAIDS)՝ այն որպես այս համատեղ նախագծի հովանավորներ միավորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի ազգաբնակչության հարցերով հիմնադրամը, ՄԱԿ-ի Կրթության, գիտության ու մշակույթի հարցերով կազմակերպությունը / ՅՈՒՆԵՍԿՕ/, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ու Համաշխարհային բանկը: UNAIDS-ն աջակցում է ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված երկարաժամկետ համաշխարհային ծրագրերին, օգնում մարդու իրավունքների համար պայքարին՝անկախ նրա ՄԻԱՎ կարգավիճակից, երկրներին օգնություն տրամադրում՝ սովորեցնելով կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել, ՄԻԱՎ/ ՁԻԱՀ հարցերով հետազոտություններ անել ու ընդլայնել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային ճակատը:

Աշխարհում, ըստ UNAIDS–ի տվյալների, մինչեւ 2012 թ դեկտեմբերի 31-ը գրանցված ՄԻԱՎ վարակակիրների ընդհանուր թիվը մոտավորապես 35.3 մլն է՝ 5 մլն-ով ավելի շատ, քան 2001 թ: Ամեն օր աշխարհում հայտնվում է 7400 նոր ՄԻԱՎ վարակակիր, ամեն ժամ՝ 308: Ամեն օր 5500 մարդ է մահանում այն հիվանդություններից, որոնք կապակցված են ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի հետ:

ՁԻԱՀ –ի դեմ պայքարի Համաշխարհային օրվա կապակցությամբ NEWS.am Medicine–խմբագրությունը կոչ է անում իր բոլոր ընթերցողներին ՄԻԱՎ անալիզ հանձնել՝ որքան շուտ մարդն իմանա իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին, այդքան ավելի շատ շանսեր կունենա՝ ապրել երկարատեւ ու նորմալ կյանքով, չէ՞ որ այսօր ՄԻԱՎ-ն արդեն մահացու հիվանդություն չի համարվում՝ հատուկ թերապիայի օգնությամբ մասնագետները կարողանում են կանխել ՄԻԱՎ վարակակրի մոտ ՁԻԱՀ-ի զարգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում