Խոզի գրիպն այլեւս պանդեմիկ ներուժ չունի. մասնագետ

8 դեկտեմբերի, 2015  13:11

А(H1N1) գրիպի դեպքերը (որը ժողովրդի մեջ «խոզի գրիպ» են կոչում) ամեն տարի գրանցվում են բոլոր երկրներում եւ ոչ միայն Իրանում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում այդ գրիպից մահացության մի քանի տասնյակ դեպք է գրանցվել: Սակայն խոզի գրիպն այլեւս այն պանդեմիկ ներուժը չունի, որն առկա էր 2009-ին: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ  հիվանդությունների համաճարակաբանության բաժնի վարիչ Լիանա Թորոսյանը: 

Մասնագետի խոսքով, 2010-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը   (ԱՀԿ) А (H1N1) գրիպը ներառել է սովորական սեզոնային գրիպների ցուցակում, եւ այն այլեւս պանդեմիկ չի համարվում: 

Հիշեցնենք, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Իրանի հարավ-արեւմտյան երկու նահանգում խոզի գրիպից 33 մարդ է մահացել:

Խոզի գրիպն ինչո՞ւ է Իրանում տասնյակ կյանքեր խլել

Ինչպես նշել է Լիանա Թորոսյանը, Իրանում А(H1N1) գրիպից մահացության դեպքերն ամենայն հավանականությամբ կապված են բուժման խնդիրների հետ: Հնարավոր է, որ բուժումը սխալ է կազմակերպվել կամ էլ հիվանդները ժամանակին չեն դիմել բժշկի: Մասնագետը նաեւ հիշեցրել է, որ ամբողջ աշխարհում մահացու դեպքեր են գրանցվում նաեւ գրիպի այլ տեսակներից՝ հիմնականում թույլ իմունիտետով մարդկանց շրջանում, ինչպես նաեւ նրանց, ով ուշ է դիմել բժշկի եւ անհրաժեշտ բուժում չի ստացել: 

Հայաստանը որքանո՞վ է պաշտպանված

H1N1–ը մտնում է այս տարվա գրիպի պատվաստանյութի բաղադրության մեջ, հիշեցրել է Լիանա Թորոսյանը: Այդ պատվաստանյութն արդեն մատչելի է Հայաստանում. դրանով պատվաստում են  բարձր ռիսկի խմբերին (խրոնիկական հիվանդություններով մարդկանց, ծերերի, երեխաների, մանկատներում եւ պոլիկլինիկաներում աշխատողներին եւ այլն), բայց բոլոր ցանկացողները, եթե հակացուցումներ չունեն,   կարող են պատվաստում անել` դիմելով իրենց տեղամասային պոլիկլինիկա: Հիշեցնենք, որ Հայաստանում գրիպի դեմ պատվաստումներն անվճար են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում