Ինչ արժե անել ամանորյա տոնի ընթացքում

21 դեկտեմբերի, 2015  21:20

Ինչպես կազմակերպել Նոր տարվա տոնը եւ հետագա օրերը, որպեսզի առավելագույնս հանգստանաք: Այդ մասին իր կարծիքն է հայտնել Նաիրա Վանյանը: 

Մասնագետի խոսքով, ամեն մարդ լավ հանգստի եւ հաճելի ժամանցի վերաբերյալ իր կարծիքն ունի: Որոշելով, թե ինչ եք անելու Նոր տարվա տոնին, ճիշտ կլինի հաշվի առնել սեփական նախընտրությունները, ոչ թե այն, թե ինչն է հաճելի կամ ինչ է անում մեծամասնությունը: 

Ինչ-որ մեկին դուր է գալիս միայնության մեջ հեռուստացույց դիտել ազատ ժամանակ, մեկ ուրիշին էլ` ժամանակ անցկացնել մեծ եւ աղմկոտ հավաքույթներում: Ինչ-որ մեկն ուզում է Նոր Տարին տոնել ընտանիքի գրկում, մեկ ուրիշն էլ` գնալ ռեստորան կամ գիշերային ակումբ կամ ուրիշ ինչ-որ տեղ: Ինչ-որ մեկին դուր է գալիս հունվարի սկզբին հյուր գնալ, մեկ ուրիշին էլ այդ այցերի մասին մտածելն իսկ տհաճ է:  Հոգեբանի կարծիքով շատ կարեւոր է Նոր տարին տոնել  այնպես, ինչպես հենց ձեզ է հաճելի: Հետագա օրերն էլ անցկացնել այնպես, ինչպես ձեզ համար լավ կլինի: Օրինակ, եթե ուզում եք հյուր գնալ, գնացեք: Եթե չեք ուզում, ձեզ մի ստիպեք:

«Ոմանք կարծում են, թե պետք է անել այն, ինչ անում են բոլորը: Սակայն նրանք հաշվի չեն առնում, թե ինչը հաճույք կպատճառի կոնկրետ մարդուն», - նշել է հոգեբանը:

Հոգեբանի կարծիքով շատերի մոտ հետամանորյա սթրեսի պատճառն այն է, որ Նոր տարուց հրաշք էին սպասում` արտասովոր մի բան, բայց նրանց սպասելիքները չեն արդարացել: Բացի այդ, սովորաբար բոլորը պատրաստվում են հենց Նոր տարվա գիշերվա տոնակատարությանը, իսկ հաջորդ օրերին ինչ անել, չեն պատկերացնում: Հնարավոր է, իմաստ ունի նախապես մտածել, թե ինչով եք ձեզ զբաղեցնելու հունվարի  2-ից հետո եւ մինչեւ Նոր տարվա արձակուրդի ավարտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում