3 ամանորյա խորհուրդ կանանց

4 հունվարի, 2016  14:25

Նոր տարվա տոների ընթացքում շատ մասնագետներ խորհուրդ են տալիս չափից շատ չուտել եւ չուտել հին, ոչ թարմ մթերք: Այդ ամենը, իհարկե, շատ կարեւոր է, սակայն ճիշտ սնունդը բոլորովին էլ միակ բանը չէ, որի մասին պետք է եւ կարեւոր է մտածել նոր տարում: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի խորհուրդներ է տվել Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը:  

1. Մի մոռացեք կանխարգելման մասին

Հայ կանանց մեծամասնության ուշադրության կենտրոնում նրանց ընտանիքն ու երեխաներն են: Դա, իհարկե, լավ է, սակայն սեփական առողջության մասին չարժե մոռանալ: Եվ չարժե հետաձգել կանխարգելիչ այցերը բժշկին: Խաչանուշ Հակոբյանը հիշեցնում է, որ շատ հիվանդությունների, օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը ավելի արդյունավետ եւ թեթեւ բուժում է ապահովում: Իսկ եթե թողնեք, որ հիվանդությունը խորանա,  բուժվելու եւ նորմալ կյանքի վերադառնալու շանսերը նկատելիորեն ավելի փոքր կլինեն: Հենց այդ պատճառով որքան էլ տանը կամ աշխատանքում զբաղված լինեք, ձեզ համար տարին գոնե մեկ անգամ ժամանակ գտեք բժշկի գնալու: Ի վերջո, սեփական առողջությանը հոգ տանելը եւս ներդրում է ձեր ընտանիքի բարեկեցության մեջ: 

2. Պահպանեք ձեր կուրծքը

Ջանացեք խուսափել կրծքագեղձին հարվածներից, ինչպես նաեւ այն գործոններից, որոնք կարող են բացասաբար ազդել առողջության վրա` սթրեսներից, ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների չարաշահումից: Կրծքի հարվածը կարող է «քաղցկեղածին» չլինել, սակայն եթե կինը կրծքագեղձի հետ կապված խնդիրների հակում ունի, հարվածը կարող է նման ազդակ դառնալ: Այդ պատճառով  ցանկալի է կուրծքը պահպանել ցանկացած վտանգավոր ազդեցությունից: 

3. Ջանացեք շատ շարժվել

Ֆիզիկական ակտիվությունն առողջ կենսակերպի կարեւոր մասն է, հենց այդ ակտիվությունն է օգնում կանխարգելել մի շարք լուրջ հիվանդություններ, այդ թվում նաեւ` ուռուցքային:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում