Ինչպես տոների ընթացքում չվարակվել գրիպով եւ սուր շնչառական վարակով

30 դեկտեմբերի, 2015  14:19

Գրիպով եւ սուր շնչառական վարակով (ՍՇՎ) վարակվելը միշտ տհաճ է: Բայց հատկապես տհաճ է հիվանդ լինել ամանորյա տոների ընթացքում: 

Ի՞նչ կարելի է անել խուսափելու համար տոների ընթացքում այդ հիվանդություններով վարակվելուց:   Այդ մասին մի քանի խորհուրդ է տվել Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ  հիվանդությունների համաճարակաբանության բաժնի վարիչ Լիանա Թորոսյանը: 

1. Հագուստը

Նախ եւ առաջ, ծայրաստիճան կարեւոր է սեզոնին համապատասխան հագնվել եւ չմրսել: Եթե չափազանց թեթեւ հագուստով մրսեք, նկատելիորեն կաճի այն բանի հավանականությունը, որ ձեր օրգանիզմում հայտնված հարուցիչները հաջողությամբ կհաստատվեն այնտեղ:  

2. Մաքուր օդ

Մի մոռացեք օդափոխել այն տարածքները, որոնցում շատ ժամանակ եք անցկացնում: Հաճախ օդափոխվող տարածքներում հարուցիչների եւ մանրէների խտությունը նվազում է, նվազում են նայեւ վարակվելու ռիսկերը: 

3. Զգուշություն

Եթե ձեր շրջապատում կարմրած քթով եւ գրիպի եւ ՍՇՎ-ի ակնհայտ նշաններով մարդ եք տեսնում, ջանացեք առնվազն երկու մետր հեռավորություն պահպանել: 

4. Սնունդը

Ուժեղ իմունիտետը կարող է ձեզ պաշտպանել հարուցիչներից, իսկ իմունիտետը պահպանելու համար անհրաժեշտ է լավ սնվել: Սննդակարգում շատ վիտամիններ եւ միներալներ պիտի լինեն, դրանք բոլորն օգնում են ամրապնդել իմունիտետը: 

5. Խմիչքը

Եթե հակացուցումներ չկան, ցանկալի է օրվա ընթացքում շատ մաքուր ջուր խմել: Եթե դուք որեւէ խրոնիկական հիվանդություն ունեք եւ կասկածում եք` ձեզ կարելի է արդյոք ջուր խմել, խորհրդակցեք բուժող բժշկի հետ: 

6. Հիգիենան

Շատ հարուցիչներ մեր օրգանիզմ են ներթափանցում կեղտոտ ձեռքերից, այդ պատճառով ծայրաստիճան կարեւոր է հետեւել ձեռքերի հիգիենային եւ դրանք հնարավորինս հաճախակի լվանալ` օճառով եւ տաք ջրով: Ջանացեք կեղտոտ ձեռքերով չդիպչել դեմքին, քթին, աչքերին, շուրթերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում