Ինչու՞ Հայաստանի դեղատներում Տամիֆլյու դեղամիջոց չկա

12 հունվարի, 2016  21:32

Ներկայումս Հայաստանի դեղատներում Տամիֆլյու դեղամիջոց չկա, եւ դա հաստատում են ինչպես արտադրող  «Հոֆման-Լա-Ռոշ» ընկերության հայկական ներկայացուցչությունում, այնպես էր ներմուծող ընկերությունները: 

Ինչպես պարզաբանել են ներմուծողները, այդ դեղամիջոցը լայն պահանջարկ չէր վայելում, այդ պատճառով այն մեծ քանակությամբ չէին ներմուծում: Իսկ երբ անցյալ տարվա վերջին խոզի գրիպի վերաբերյալ տեղեկությունների պատճառով երկրում աժիոտաժ սկսվեց, ամբողջ մնացորդն անմիջապես գնեցին:  

«Հոֆման-Լա-Ռոշ» ընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Աննա Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ երեք հիմնական ներմուծողների`  «Նատալի Ֆարմի», «Վագա Ֆարմի» եւ «Ալֆա Ֆարմի» մոտ Տամիֆլյուն վերջացել է: Նա հաղորդել է, որ պահանջարկի բարձրացման հետեւանքով դեղամիջոցի նոր պատվեր է ձեւակերպվել եւ ներկայացուցչությունում անում են ամեն հնարավորը, որպեսզի տեղական դիստրիբյուտորներն այն ստանան հնարավորինս կարճ ժամկետներում: 

Աննա Հովհաննիսյանը միաժամանակ չի մեկնաբանել դեղամիջոցի բարձր գնի վերաբերյալ հարցը: Այնինչ ներմուծողները նշում են, թե Հայաստանում դեղամիջոցի բարձր գինը   (մոտ 20 000 դրամ) պայմանավորված է Հայաստանի համար դրա բարձր մատակարարման գնով: Արժե նշել, որ Տամիֆլյուի նույնիսկ շուկայական գինը, ասենք` Ռուսաստանում կամ Ֆրանսիայում, ավելի ցածր է, քան Հայաստանին մատակարարման գինը: 

Միաժամանակ Հայաստանի Առողջապահության նախարարությունը պնդում է, որ չարժե անհանգստանալ Տամիֆլյու դեղամիջոցի առիթով, որովհետեւ հիվանդանոցներն ապահովված են դրանով: Ինչպես  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, դեղամիջոցը ձեռք է բերվել պետգնումների շրջանակում: Հենց այդ գործոնով է նա բացատրել այն, որ մասնավոր ներմուծողները հետաքրքրված չեն մեծ քանակությամբ ներմուծել դա, ինչպես եւ, օրինակ, ինսուլինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում