Հուշաթերթիկ մայրիկների համար. Որոնք են գրիպի հիմնական նշանները

13 հունվարի, 2016  16:56

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, հիշեցնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

ջերմության բարձրացում` 38C–ից բարձր, հազ, հարբուխ, կոկորդի ցավ, գլխացավ, մկանացավ, փորլուծություն եւ փսխում:

Եթե երեխան բժշկի հսկողությամբբուժում է ստանում տանը, ապա`

հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր), կարեւոր է հսկել մարմնի ջերմաստիճանը եւ ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաեւ այլ դեղեր), երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ եւ/կամ ԱՍԿՈՖԵՆ, հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում, պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:

Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Երեխային անհապաղ պետք է տեղափոխել  հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ, երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել, շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց, երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո, առկա են ցնցումներ, առկա է հաճախացած եւ/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ, երեխան անսովոր գերգրգռված է, առկա է ծանր ջրազրկում, եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է, երեխան ունի որեւէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում