Ի՞նչ ուտել բարձր ճնշման դեպքում

20 փետրվարի, 2014  14:05

Արյան քրոնիկ բարձր ճնշումը չբուժելու դեպքում այն կարող է  հանգեցնել մահվան ինֆարկտի կամ ինսուլտի հետեւանքով:

Հիպերտոնիան բուժվում է դեղերով, բայց Դուք կարող եք Ձեր ներդրումն ունենալ արյան բարձր ճնշման վերահսկման գործում՝ պարզապես առողջ սնունդ օգտագործելով:

Ամբողջական, աղի ցածր պարունակությամբ եւ չափավոր քանակի թարմ մթերքները կլավացնեն Ձեր զարկերակային ճնշումը, ասում է Քլիվլենդի կլինիկայի հավաստագրված դիետոլոգ Ջուլիա Զամպանոն:

Բացի այդ՝ սնվելով հաճախ եւ փոքր չափաբաժիններով, Դուք կկարողանաք կարգավորել նյութափոխանակությունը, խուսափել արյան մեջ շաքարի առկայությունից եւ պահպանել ինսուլինի ցածր մակարդակը: Այս ամենն օգնում է կարգավորել արյան ճնշումը:

Ի վերջո, բջջանյութով հարուստ ամբողջական մթերքները կօգնեն կանխել չափից շատ ուտելն ու ավելորդ քաշի առաջացումը:

Որպեսզի սնվելը դրական ազդի ճնշման վրա, սնվեք բանջարեղենով, թարմ մրգերով եւ առանց աղի պատրաստված ամբողջական հատիկավորներով: Խուսափեք աղի սոուսներից կամ չափազանց յուղոտ կերակուրներից: Աղի փոխարինիչներ օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

Ձեր սննդակարգում ներառեք կալիումով հարուստ մթերքներ, այն կարգավորում է սրտխփոցը եւ արյան ճնշումը: Այդպիսի մթերքներից են՝ քաղցր կարտոֆիլը, բրոկոլին, բանանը եւ չորացրած սալորը:

Թարմ բանջարեղենը արյան ճնշումն իջեցնելու համար սննդակարգի հիմքն է: Բանջարեղենը հարուստ է սննդարար նյութերով, բայց քիչ կալորիաներ է պարունակում:

Թարմ մրգերը եւս շատ քիչ աղ են պարունակում: Չնայած մրգերն ու բանջարեղենն ածխաջրեր են պարունակում՝ դրանց մեջ շատ վիտամիններ, հանքային նյութեր եւ բջջանյութ կա, որոնք կարգավորում են արյան ճնշումը:

Անճարպ սպիտակուցներն ապահովում են շինանյութով՝ առողջ իմունային համակարգի համար, դրանք են՝ ձվի սպիտակուցները եւ հավի կրծքամիսն առանց կաշվի:

Ճիշտ ճարպի ընտրությունը կարող է օգնել զարկերակային ճնշումը նորմայի մեջ պահել: Ձիթապտղի յուղը եւ հունական ընկույզն առողջ ճարպերի օրինակ են:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում