Հայ հասարակության վերաբերմունքը պարտադիր բժշկական ապահովագրության հարցում փոխվել է. NEWS.am Medicine-ի հարցումը

20 հունվարի, 2016  10:28

NEWS.am Medicine-ի հարցման մասնակիցների կեսից մի քիչ ավելին անհրաժեշտ է համարում բժշկական ապահովագրության ներդրումը:  Հարցվածների 55 տոկոսի (621) կարծիքով դա կլուծի բժշկական ծառայությունների վճարի հարցը:

Միաժամանակ քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, որ դա մարդկանցից փող պոկելու եւս մի միջոց կլինի. նման կարծիքի է հարցվածների  34 տոկոսը (382): Այդ հարցում չի կողմնորոշվում հարցվածների 11 տոկոսը (129): Ընդամենը հարցմանը  1132 մարդ է մասնակցել:

Նշենք, որ 2014-ին մեր իրականացրած հարցման արդյունքներն անհամեմատ ավելի արմատական էին. Հայաստանի բնակիչներն այն ժամանակ պատրաստ չէին վճարել բժշկական ապահովագրության համար: Այն հարցին, թե որքան եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար, 1310 հարցվածներից   857-ը (65 տոկոս) պատասխանել է, որ ընդհանրապես պատրաստ չէ վճարել,   351 մարդ կամ 27 տոկոսը պատրաստ է վճարել տարեկան 40 000-60 000 դրամ, իսկ 102 մարդ կամ հարցվածների 8 տոկոսը պատրաստ էր բժշկական ապահովագրության համար   80 000-100 000 դրամ ծախսել:

Դեռեւս այն ժամանակ Հայաստանի Առողջապահության պետական գործակալության տնօրեն Սարո Ծատուրյանը նշել էր, որ եթե երկրի բնակչությունն ավելի լավ տեղեկացված լինի եւ եթե նրանց բացատրեն, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ապահովագրությունը եւ ինչու է անհրաժեշտ, այդ հարցին մարդկանց մոտեցումը կփոխվի: Հնարավոր է, որ այս երկու տարվա ընթացքում որոշ մարդիկ վերանայել են իրենց մոտեցումները:  

Ինչ էլ լինի, պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման օգտին են հանդես գալիս բազմաթիվ բժիշկներ, բուժական հաստատությունների ղեկավարներ, ոլորտի պատասխանատու աշխատողներ: Սակայն գործը քննարկումներից այն կողմ չի անցնում, դա հավանաբար կապված է կուտակային կենսաթոշակներին բնակչության վերաբերմունքից: Սակայն բժշկության ոլորտի մասնագետները պնդում են, որ կուտակային կենսաթոշակը չափազանց հեռավոր հեռանկար է եւ ժողովրդի շրջանում կասկած է առաջացնում n թվով տարիներ անց իրենց կուտակած գումարների ապահովության հարցը: Իսկ բժշկական ապահովագրության դեպքում բնակչությունը կարող է  անմիջապես զգալ դրա արդյունքը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում