Հայաստանի բժիշկներն այսօր շահագրգիռ են մեծ թվով հիվանդներ ունենալ. հոգեբույժ

12 փետրվարի, 2016  01:45

Հայաստանի բժիշկներն այսօր շահագրգիռ են մեծ թվով հիվանդներ ունենալ` ճիշտ այնպես, ինչպես հացթուխը շահագրգռված է, որ մարդիկ շատ հաց ուտեն: Այդ մասին  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բժիշկ-հոգեբույժ Սամվել Սուքիասյանը` նման վիճակը բնութագրելով որպես հասարակության դեգրադացիայի համախտանիշ:  

«Բժիշկը շահագրգիռ է, որ մարդիկ հիվանդանան, որպեսզի ինքը փող վաստակի: Դա դեգրադացիա է, դա այլասերման գերագույն աստիճանն է: Նորմալ երկրներում պետությունն այնպիսի համակարգ է ստեղծում, որտեղ մարդիկ շահագրգիռ են առողջ լինելու: Եվ բժիշկն իր ներդրումն է ունենում այդ գործում», - ասել է նա` հավելելով, որ մեր երկրում ոչ թե առողջապահության նախարարություն է, այլ  «հիվանդապահության»:  

«Առողջապահության նախարարությունը մտածում է, թե երկու մլն բնակչից քանիսին կարող է հիվանդանոցում բուժվելու ուղարկել, ոչ թե այն մասին, թե ինչքան է պետք ծախսել այդ երկու մլն-ի վրա, որ չհիվանդանան: Հետեւաբար բժիշկը շահագրգիռ է, որ շատ հիվանդ ունենա: Այդ դեպքում ես ի՞նչ բժիշկ եմ, ես մսագործ եմ, ես գերեզմանափոր եմ:  Հիվանդն ապրանք է, բայց չի կարելի այդ հիվանդներով այնպես առեւտուր անել, ինչպես աթոռներով: Իսկ այսօր ես շահագրգռված եմ այդ աթոռներով, որպեսզի լավ ապրեմ:  Սակայն այդպես չպիտի լինի, ես պիտի լավ ապրեմ, երբ քիչ հիվանդ կա, երբ ես կանխարգելմամբ եմ զբաղվում», - ասել է նա:

Միաժամանակ Սամվել Սուքիասյանը նշել է, որ ամբողջ աշխարհում բժշկի ուսուցումն ամենաերկարատեւն է եւ ամենաթանկարժեքը: Հետեւաբար, նա պիտի ամենաբարձր վարձատրվող մասնագետներից լինի: Իսկ մեզ մոտ բժշկի աշխատավարձն ամենացածրերից է:  «Ավելին, պետությունը որեւէ հիվանդության բուժման համար տրամադրում է ոչ թե այնքան գումար, որքան անհրաժեշտ է, այլ որքան կարող է տալ: Բայց եթե այդ բուժումն ավելի՞ն արժե: Այստեղ արդեն սկսվում է ստվերային շրջանառությունը», - նշել է նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում