Այսպես կոչված «մաքուր սնունդը» կարող է վտանգավոր լինել առողջության համար

10 փետրվարի, 2016  10:49

Այսպես կոչված մաքուր սնունդը թանկարժեք է, ոչ ռացիոնալ ու պոտենցիալ վտանգ է պարունակում առողջության համար, վստահեցնում են դիետոլոգները: «Մաքուր սննդի» կողմնակիցները միայն ամբողջական, բնական մթերքներ են գործածում՝ խուսափելով դրանց վերամշակված ու հավելանյութերով տարբերակներից : Նմանատեսակ սննդի նորաձեւությամբ հրապուրված են բազմաթիվ նշանավոր ու հասարակ մարդիկ, որոնք հատուկ գրքեր են թողարկում, բլոգներ ստեղծում ՝իրենց բաղադրատոմսերով ու խորհուրդներով:

«Մաքուր սննդի» կողմնակիցները վստահեցնում են, որ սա ոչ թե նիհարելու սննդակարգ է, այլ կենսակերպ: Նրանք նախապատվությունը տալիս են միայն հում սննդի՝ գործածելով մեծ քանակության մրգեր ու բանջարեղեն , եւ հաճախ հրաժարվելով շաքարից, կաթից, հացահատիկից կամ գլյուտենից՝ պատճառաբանելով, որ այդ բոլոր մթերքները վատ են մարսվում ու բազմաթիվ առողջական խնդիրներ են առաջացնում:

«Մաքուր սննդի տեսության մեջ ինձ դուր չի գալիս այն տեսակետը, որ մարդը պետք է որոշակի կանոններով ուտի, որպեսզի օրգանիզմը մաքրվի,- ասում է բրիտանացի հայտնի դիետոլոգ ու մարսողական խանգարումների հարցերով մասնագետ Ռենե Մաքգրեգորը,- Իրականում, մարդու օրգանիզմը լյարդի օգնությամբ թույներից ազատվելու ունակություն ունի: Եվ դրա համար ամենեւին էլ պարտադիր չէ, որ մենք անընդհատ կանաչ հյութեր խմենք»:

Նրա հետ համամիտ է ԱՄՆ Պերդյու համալսարանի դիետոլոգիայի պրոֆեսոր Քոննի Ունիվերը, որը հավաստիացնում է, որ մարդիկ սխալմամբ վերամշակված սնունդը հավասարեցնում են «դատարկ կալորիաներին»: «Վերամշակումը նշանակում է, որ փոխել է սնունդը իր սկզբնական ձեւը ու վերածվել նրան, ինչ մենք գործածում ենք,- բացատրում է պրոֆեսոր Ունիվերը,- Սննդի օգտկարությունը ամենեւին էլ վերամշակման աստիճանով չի որոշվում: Շատ առողջարար սննդամթերքներ՝ օրինակ յոգուրտը, ամբողջական հատիկներիվ պատրաստված հացը ու ձիթապտղի յուղը շատ ինտենսիվ վերամշակում են անցնում»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում