Իրաքցի սրտային հիվանդ երեխաները հնարավոր է բուժվեն Երեւանում

9 փետրվարի, 2016  18:16

Իրաքը հետաքրքրված է Հայաստանի առողջապահական համակարգի ձեռքբերումներով։ Այսպես, իրաքյան կողմին  հետաքրքրել են մեր երկրում   մանկական սրտային վիրաբուժության, մասնավորապես` իրաքցի հիվանդ երեխաների բուժումը Հայաստանում իրականացնելու հնարավորությունները։

Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Բաղդադում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաեւ առողջապահության ոլորտին առնչվող հարցեր։ Հանձնաժողովում ներկայացված ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մասնակցել է երկու երկրի առողջապահական համակարգերի համագործակցության խթանմանն ուղղված քննարկումներին։

Օնկովիրաբուժության ոլորտում Իրաքի առողջապահության համակարգի ղեկավարները հետաքրքրված են իրենց մասնագետների վերապատրաստման, բժիշկների եւ բուժքույրերի գործնական ունակությունների ու հմտությունների բարելավմանն ուղղված դասընթացների կազմակերպումով` ինչպես Իրաքում, այնպես էլ` Հայաստանում։

Ստորագրված արձանագրությունում ներառվել են նաեւ դեղերի շրջանառությանը, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկմանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում