«Էլեկտրոնային քիթը» կօգնի հիվանդություններ ախտորոշել

12 փետրվարի, 2016  17:11

Տոմսկի պետական համալսարանի գիտնականների խումբը Թիմուր Մուկսունովի ղեկավարությամբ նոր գազային անալիզատոր է մշակել, որի օգնությամբ հնարավոր է գնահատել սննդի, դիմահարդարման միջոցների եւ բժշկական արտադրանքի որակը, հայտնաբերել թմրանյութերն ու պայթուցիկ նյութերը: Ինչպես պարզվել է, այդ սարքը կարող է օգնել նաեւ հիվանդություններ ախտորոշել: 

Նոր սարքը գազային խառնուրդների անալիզի համար կիսահաղորդիչ սենսորներ է օգտագործում: Փորձարկումները ցույց են տվել, որ այն բավականին ճշգրտորեն ճանաչում է գազերի կազմը եւ կարող է տեղեկություններ տալ, օրինակ, մթերքի թարմության վերաբերյալ. մրգերի եւ բանջարեղենների արտազատած գազերով սարքը կարող է հասկանալ` դրանք թարմ են, թե արդեն սկսել են փչանալ: 

«Էլեկտրոնային քիթը» կարող է շատ օգտակար լինել ախտորոշման մեջ. նրա օգնությամբ հնարավոր կլինի անալիզի ենթարկել հիվանդների շնչած օդը, որի կազմը փոփոխվում է կախված փորձարկվողի առողջական վիճակից: Եթե սարքն իրեն արդարացնի եւ ապացուցի իր արդյունավետությունը, կկարողանա զգալիորեն օգնել ամբողջ աշխարհի բժիշկներին:

Ինքը` սարքն արդեն ամբողջությամբ մշակված է, եւ այժմ մասնագետները գնահատում են դրա արդյունավետությունը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում