Ֆրանսիայում փորձարկում են արհեստական ենթաստամոքսային գեղձը

24 մարտի, 2016  21:28

Ֆրանսիայում կլինիկական փորձարկումներ է անցնում առաջին տեսակի շաքարախտով հիվանդների համար նախատեսված արհեստական ենթաստամոքսային գեղձի Diabeloop սարքը:

Սովորաբար նման հիվանդը ստիպված է լինում պարբերաբար ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը ու ըստ այդ ցուցանիշների ինսուլին ներարկել նյութափոխանակությունը կարգավորելու համար:

Վերջին տարիներին այդ վերահսկողությունը հեշտացնելու համար հիվանդների մարմնի մեջ հաղորդիչ են տեղադրում, որը յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ տվյալներ է տամադրում արյան մեջ գլյուկոզայի պարունակության մասին: Սակայն հիվանդն այդ դեպքում ինքն է որոշում, թե ինչ քանակության ինսուլին պետք է ընդունի:

Ֆրանսիական Diabeloop սարքը թույլ է տալիս այդ ամբողջ ընթացքը լրովին ավտոմատացնել, ինչը զգալիորեն կհեշտացնի շաքարախտով տառապողների կյանքը: Սա մի փոքրիկ տուփ է էլեկտրոնիկայով, որը ամրացվում է որովայնի մասոմ: Bluetooth կապի համակարգի միջոցով դրա տվյալները փոխանցվում են սմարթֆոնին:Հիվանդը պետք է ընդամենը մուտքագրի ինսուլինի ներարկման չափանիշները ու նշի, թե երբ է մտադիր սնունդ ընդունել: Ավտոմատ սարքը ինքն է հետեւում իրավիճակին ու անհրաժեշտության դեպքում ներարկումներ անում:

Այս պահին Diabeloop-ը փորձարկում են Ֆրանսիայի 10 համալսարանական հիվանդանոցներում: Սարքը ամրացվել է 15 հիվանդների մարմնի վրա: Հետագայում նրանց թիվը զգալիորեն կավելանա: Փորձարկման ժամանակաշրջանի հաջող ավարտի դեպքում սարքը արեւմտյան երկրներում վաճառքում կհայտնվի 2017 թ. վերջին: Ակնկալվում է,ո ր 2019-ից սկսած Ֆրանսիայում դրա ձեռքբերումը կփոխհատուցվի բժշկական ապահովագրման համակարգով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում