• Latest news

Հայաստանում 2015-ին տուբերկուլոզով հիվանդացման 845 նոր դեպք է գրանցվել

24 մարտի, 2016  14:48

Հայաստանում 2015-ին տուբերկուլոզ հիվանդության 845 նոր դեպք է գրանցվել, 42 մարդ մահացել է այդ հիվանդությունից: Այդ մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Անցյալ տարի  1046 նոր դեպք էր գրանցվել: Նոր դեպքերի թվում տուբերկուլոզի արտաթոքային ձեւերը  25 տոկոս են կազմում:

Նա նշել է, որ 2006-2007 թթ-ից սկսած, երբ ընդունվել էր տուբերկուլոզի դեմ պայքարի երկրորդ ազգային ծրագիրը, Հայաստանում հիվանդացման եւ մահացության ցուցանիշները կայուն նվազում են: Մասնավորապես, հիվանդության ցուցանիշը կրկնակի կրճատվել է, իսկ մահացությանը` եռակի անգամ:    

Նվազում է  նաեւ տուբերկուլոզի դեղակայուն ձեւերով հիվանդացման ցուցանիշը. 2015-ին այն  100 000 բնակչության հաշվով  2.7 է կազմել, անցյալ տարի այդ ցուցանիշը երեքի էր հավասար: 

Արմեն Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի մարզերում հիվանդացման բաշխումը գրեթե միատարր է: Ըստ թվերի, առաջին տեղում Երեւանն է, նրան հետեւում են Հայաստանի Շիրակի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերը, սակայն դրանց ցուցանիշների միջեւ զգալի տարբերություն չկա, եւս մեկ անգամ ընդգծել է կենտրոնի ղեկավարը: 

Նրա խոսքով, տղամարդկանց շրջանում տուբերկուլոզով հիվանդացությունն երեք անգամ ավելի բարձր է, քան կանանց շրջանում եւ տուբերկուլոզով հիվանդացումն առավել տարածված է   24-54 տարեկանների տարիքային խմբում: 

Արմեն Հայրապետյանը նշել է, որ տուբերկուլոզին հատուկ ուշադրություն է հատկացվում մոր եւ մանկան առողջության պահպանման ծրագրի շրջանակում եւ այստեղ եւս նկատելի է ցուցանիշների նվազում: 2015-ին ընտանիքում տուբերկուլոզով հիվանդից երեխաների վարակման 31 դեպք է գրանցվել: «Մենք առանձին ծրագիր ունենք, որի համաձայն, եթե ընտանիքում տուբերկուլոզով հիվանդ կա, երեխաներին պիտի առողջարան ուղարկեն` նրանց մեկուսացնելու եւ հիվանդի հետ շփումը բացառելու համար», - ասել է նա: 

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2015-ին տուբերկուլոզով հիվանդացման 22 դեպք է բացահայտվել, բոլորը բուժում են ստանում կալանավորների հիվանդանոցում, հայտնել է կենտրոնի ղեկավարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll