Հայաստանում վերջին տարիներին հաճախացել են նորածինների զուգակցված անոմալիաների դեպքերը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնել է Երեւանի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը:
Նա տեղեկացրել է, որ 2015-ին արձանագրվել են սրտի արատների, որովայնախոռոչի, կրծքավանդակի օրգանների պաթոլոգիայի, կերակրափողի եւ ուղիղ աղիքի ատրեզիայի դեպքեր եւ այլն:
Նրա խոսքով, բնածին արատների մեծ սպեկտր է դիտարկվում, դրանք ավելի բարդացել են եւ սկսել են զույգերով հանդես գալ:
Մասնավորապես` «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի բժիշկները ստիպված են եղել իրար հետեւից վիրահատել սրբոսկրա-պոչուկային տերատոմաներով երկու նորածնի: Այդ անոմալիան բավականին հազվադեպ է հանդիպում, իսկ այստեղ բառացիորեն իրար հետեւից երկու երեխայի էին բերել: Ինչպես նշել է Նիկոլայ Դալլաքյանը, գիտության մեջ դա կոչում են դեպքերի զույգության օրենք:
Միաժամանակ հիվանդանոցում էր ԱՄՆ-ից մեր հայրենակից, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Շանթ Շեխերդիմյանը իր երկու կլինիկական օրդինատորների հետ միասին: Ամերիկացի օրդինատորները զարմացած էին մանկական անոմալիաների նման լայն սպեկտրի առկայությունից. հիվանդանոցում դիաֆրագմալ ճողվածքով, աղիքային անանցանելիությամբ փոքրիկ հիվանդներ կային, ինչպես նաեւ տերատոմայով երկու երեխա: «Նրանց համար դա մեծ փորձ էր», - նշել է Դալլաքյանը:
Նա հիշեցրել է, որ 2015-ի աշնանը Հայաստանում առաջին անգամ դիաֆրագմալ ճողվածքի էնդոսկոպիկ վիրահատություն է կատարվել: Եղել է նաեւ այնպիսի դեպք, երբ երկվորյակներից մեկի ձվարանի վրա դեռեւս արգանդում ՈւՁՀ անելիս մեծ ուռուցք են նկատել, կնոջը շտապ կեսարյան հատում են կատարել, իսկ աղջկան հասցրել են «Սուրբ Աստվածամայր»: Ծնվելիս նա 2100 գ էր կշռում, իսկ ուռուցքը հեռացնելուց հետո սկսել էր 1600 գ կշռել, այդպիսի մեծ ուռուցք էր:
Նրա խոսքով, տարեկան կերակրափողի ատրեզիայի մոտ 15-18 դեպք է հանդիպում, ինչպես նաեւ ուղիղ աղիքի ատրեզիայի մի քանի դեպք, երբ երեխաներն առանց հետանցքի են ծնվում:
Զուգակցված անոմալիայի եւս մի դեպք է հայտնաբերվել երեխայի մոտ, որին Ղրղզստանից էին բերել: Այնտեղ երեխայի մոտ սրտի արատ էին ախտորոշել եւ Հայաստան էին բերել բուժման, բայց այստեղ հետազոտությունից հետո պարզեցին, որ երեխայի հիմնական խնդիրը թոքի լոբարէնֆիզեման է:
Ինչպես նշել է Նիկոլայ Դալլաքյանը, նորածինների անոմալիաների շատ տեսակներ անհամատեղելի են կյանքի հետ, նույնիսկ շտապ միջոցներ ձեռնարկելու դեպքում ելքը բարենպաստ չի լինում: Ամենածանր հիվանդություններից մեկը անհաս երեխաների սեպտիկ էնտերոկոլիտն է, նման պաթոլոգիաների դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է:
Մասնավորապես, ինչպես պատմել է Նիկոլայ Դալլաքյանը, բժիշկներին չի հաջողվել փրկել փոխնակ մոր ծնած խորապես անհաս երեխաներին, որոնց մոտ ներարգանդային վարակի հետեւանքով մահացու բարդություններ էին զարգացել: «Այնպես որ, խնդիրներ առաջանում են ոչ միայն բնական եղանակով ծնված երեխաների հետ, այլեւ նրանց, որոնք ծնվում են օժանդակ տեխնոլոգիաների կիրառությամբ, իսկ դա լուրջ խնդիր է, որովհետեւ նրանք երկար սպասված եւ շատ ցանկալի են լինում», - ասել է նա:
Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը նորածինների աանոմալիաների թվով դուրս չի մնում համաեվրոպական վիճակագրությունից, ամեն դեպքում, այդ մասին են վկայում 2014-ի վերաբերյալ ԱՀԿ-ի վերջին հասանելի տվյալները: Այդ տվյալների համաձայն, Հայաստանում անոմլիաներով ծնված երեխաների ցուցանիշը 100 000 ծնվածի համար 1758.47 է, մինչդեռ ԵՄ-ի երկրներում այն հավասար է 1920.78-ի, իսկ ԱՊՀ-ի երկրներում` 1978.64-ի:
Առայժմ անհնար է որեւէ օրինաչափություն հայտնաբերել այս կամ այն շրջանում անմալիաների ի հայտ գալու հաճախության մեջ, կապված վնասակար արտադրական կամ արտաքին պատճառների հետ: Այսօրվա դրությամբ շատ քիչ վիճակագրական տվյալներ են հավաքվել գիտական լուրջ վերլուծություն կատարելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day