Շագանակագեղձի ռոբոտացված վիրահատությունն ավելի ճշգրիտ է, քան վիրաբուժական վիրահատությունների այլ տեսակներ, քանի որ դրա դեպքում կրճատվում է հավանականությունը, որ քաղցկեղային բջիջները մնան ուռուցքի ծայրերում:
Արդյունքում՝ տղամարդիկ, որոնք ենթարկվել են ռոբոտացված վիրահատության, քաղցկեղի բուժման լրացուցիչ մեթոդների կարիք չեն ունեցել, օրինակ՝ հորմոնալ թերապիայի կամ ճառագայթման՝ ի տարբերություն այն հիվանդների, որոնց ավանդական վիրահատություն է արվել, վկայում են European Urology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:
Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի բժիշկ Ջիմ Հուի գլխավորությամբ նոր հետազոտության շրջանակներում գիտնականները 2004-2009թթ. 5556 հիվանդի տվյալները, որոնց արվել է ռոբոտացված վիրահատություն, համեմատել են 7 878 հիվանդի տվյալների հետ, որոնք ենթարկվել են ավանդական «բաց վիրահատության»: Հետազոտողները հիմք են ընդունել ուռուցքի ծայրերում մնացած քաղցկեղային բջիջների թիվը: Եթե չափազանց շատ քաղցկեղային բջիջներ են մնում, նշանակում է՝ վիրաբույժները չեն բուժել քաղցկեղը՝ հիվանդներին ենթարկելով հիվանդության կրկնվելու ռիսկին:
Հետազոտողները նաեւ ուշադրություն են դարձրել լրացուցիչ բուժման՝ հորմոնալ թերապիայի եւ ճառագայթման անհրաժեշտությանը ռոբոտացված եւ սովորական վիրհատությունից հետո, հայտնում է Newsmax Health-ը:
Բժիշկ Հուի թիմը պարզել է, որ ռոբոտացված վիրահատությունից հետո ավելի քիչ քաղցկեղային բջիջներ են մնում ուռուցքի ծայրերում, նույնիսկ շագանակագեղձի քաղցկեղի զարգացող տեսակով տառապող հիվանդների դեպքում: Այն հիվանդների դեպքում, որոնց ռոբոտացված վիրահատություն է արվել, վիրահատությունից հետո երկու տարվա ընթացքում լրացուցիչ թերապիայի անհրաժեշտությունը եռակի քիչ է եղել, քան նրանց դեպքում, ովքեր սովորական վիրահատության են ենթարկվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day