• Latest news

Ծառայակցին փրկած սպայի վնասվածքներից յուրաքանչյուրը կարող էր մահացու լինել (ֆոտո)

14 մայիսի, 2016  01:52

1-ին գումարտակի շտաբի պետ 28-ամյա Վալերի Մեհրաբյանի վնասվածքներից յուրաքանչյուրը կարող էր մահացու լինել, բայց զինվորականը, որը կռվում էր արցախյան Թալիշ գյուղի պաշտպանական գծում եւ փրկել էր ծառայակցին, հրաշքով ողջ է մնացել: Բժիշկները սկզբում չեն չհավատացել, որ բազմաթիվ բեկորային վերքեր եւ այլ վնասվածքներ ստացած տղամարդը ողջ կմնա, բայց այսօր նրա վիճակն արդեն բարելավվում է:  

Վալերիին բուժող բժիշկ, վիրաբույժ Արմեն Սահակյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ տղամարդուն «Էրեբունի» բժշկական կենտրոն են հասցրել ծանր վիճակում: Վալերին վիրավորվել էր ապրիլի 4-ին, Մարտակերտի հիվանդանոցում նրան վիրահատել էին եւ կարել էին լյարդը, որը վնասվել էր պայթած արկից, ինչից հետո նրան Ստեփանակերտ էին տեղափոխել եւ ճանապարհին նրա սիրտը կանգ էր առել: Թե որքան երկար այն չի բաբախել, դժվար է ասել. հարազատների խոսքով, ամբողջ 12 րոպե: Սակայն բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան եւ ծանր վիճակում հասցնել Ստեփանակերտ, իսկ հետագայում` տեղափոխել Երեւան:  

Վալերին երկար ժամանակ կոմայում էր, նրա գլխում հսկայական հեմատոմա կար, որը վիրահատել են «Էրեբունիի» նյարդավիրաբույժները, իսկ վնասվածքաբաններն այդ ընթացքում օստեոսինթեզ էին արել` ձեռքի ջարդված ոսկրերի ամրացում: Վալերիի մոտ բեկորային վնասվածքի հետեւանքով խափանվել էր նաեւ հաստ աղիքի պատի սնուցումը, եւ բժիշկները եւս մի վիրահատություն կատարեցին եւ ստոմա տեղադրեցին: 

Այժմ, ինչպես նշել է Արմեն Սահակյանը, Վալերիի վիճակը բավարար է: 10 օր առաջ նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական պալատ: Վալերին արդեն շատ օրեր գիտակից վիճակում է, եւ նրա վիճակը ժամ առ ժամ բարելավվում է:  

Վալերիի ողնաշարում մանր բեկորներ են մնում, սակայն դրանք հավանաբար չեն հանի. դրանք հանելը կարող է վնասել եւ վտանգավոր լինել, իսկ մարմնում մնալով` դրանք, մասնագետի խոսքով, նրան վնաս չեն տա եւ չեն խանգարի: 

Բժշկի խոսքով, ժամանակի հետ, երբ բոլոր վնասվածքները բուժվեն եւ Վալերին  իրեն ավելի լավ զգա, հնարավոր կլինի մտածել վնասվածքներից մնացած կոսմետիկական արատները վերացնելու մասին: 

Վալերին առաջին վնասվածքը ստացել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը. Արկի բեկորը նրա պարանոցն է խրվել: Վալերիի ազգականը` Հայկ Բաբայանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ այդ գիշեր գումարտակի հրամանատարը Վալերիին սանիտարական մեքենա է նստեցրել, որ տանի հիվանդանոց, բայց ճանապարհին Վալերին իմացել է, որ ադրբեջանցիները Թալիշ են մտել եւ գրավել են հայկական դիրքերից մեկը: Նա մեքենայից դուրս է թռել եւ ոտքով հասել է Թալիշ գյուղ, որտեղ միացել է ծառայակիցներին եւ առաջնորդել է 8 հոգուց կազմված հետախուզական վաշտը, որը կարողացել է վերագրավել դիրքը:  

Երբ նրանք օգնություն էին ցուցաբերում վիրավորներին եւ կազմակերպում էին նրանց տեղափոխումը բուժկետ, թշնամական արկը պայթել է խրամատի հարեւանությամբ, որում գտնվել է Վալերին: Խրամատը փլվել է, եւ Վալերին մի քանի կամավորի հետ միասին մնացել է փլատակների տակ: Մի քանի կամավոր, որ նրա կողքին էին, տեղում զոհվել էին, սակայն բազմաթիվ վերքեր եւ վնասվածքներ ստացած Վալերին ողջ էր եւ նրան տեղափոխեցին ռազմական հոսպիտալ: 

Վալերիի հարազատները վերհիշում են, որ հիվանդանոցում հազիվ են ճանաչել նրան. դեմքը եւ մարմինը այտուցված էին, ցեխոտ եւ մրոտ: Հազիվ ուշքի գալով` Վալերին սկսել էր իր համազգեստը պահանջել, ուզում էր վերադառնալ ռազմաճակատ, վերհիշում են բուժքույրերը: 

Հարեւան հիվանդասենյակում` վերակենդանացման բաժանմունքում պառկած է 27-ամյա Էրիկ Բաբայանը, որին Վալերին փրկել էր իր վիրավորվելուց երկու օր առաջ: Բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած Էրիկը ապրիլի 2-ին մնացել էր վտանգավոր կետում, որտեղից նրան տարհանելը ծայրաստիճան բարդ էր: Վալերին կարողացել է հասնել նրան եւ հիվանդանոց հասցնել:  

Էրիկն առայժմ վերակենդանացման բաժանմունքում է. նրա վիճակն այժմ գնահատվում է որպես կայուն ծանր, սակայն, բժիշկների կարծիքով, առաջընթացն ակնհայտ է:

Արման Լազգիյանը, որը ողնաշարի հատվածում վնասվածք էր ստացել, եւս Վալերիի գումարտակից էր: Մոտ ապագայում Արմանին, ինչպես նաեւ Ռուբեն Առաքելյանին կտանեն Եվրոպայում բուժման եւ ռեաբիլիտացիայի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել