Թոմաս Մեննինգը Գալիֆաքսից ԱՄՆ-ում առաջին հիվանդն է դարձել, որին սեռական անդամի փոխպատվաստում է կատարվել: Փոխպատվաստումն իրականացրել են Բոստոնում Massachusetts General Hospital-ի բժիշկները:
Մեննինգի սեփական օրգանը, որը 64 տարեկան է, անդամահատվել էր ուռուցքային հիվանդության հետ կապված:
«Ես ուզում եմ դարձյալ այնպիսին լինել, ինչպիսին առաջ էի», - ասել է Մեննինգը հարցազրույցում, որը տվել է հիվանդասենյակում: Երեք օր առաջ բժիշկները նրան առաջին անգամ թույլ են տվել վեր կենալ անկողնուց:
Վիրաբույժ Քյորտիս Սետրուլոն, որը ղեկավարում էր վիրահատությունը կատարած մասնագետների խումբը, զգուշավոր լավատեսություն է հայտնել իր հիվանդի ապագայի վերաբերյալ:
«Մեզ համար դա չուսումնասիրված հող է», - խոստովանել է նա:
Կանխատեսումների համաձայն, նորմալ միզազատումը կվերականգնվի մի քանի շաբաթվա ընթացքում: Սեռական գործառույթի վերականգնման համար կարող է մի քանի շաբաթից մի քանի ամիս պահանջվել:
Հիվանդանոցում եւս մի հիվանդ է սպասում սեռական անդամի փոխպատվաստման: Նա տուժել է այրվածքներից, որը ստացել էր ավտոմեքենայի վթարի հետեւանքով: Բժիշկների խոսքով, վիրահատությունը տեղի կունենա, հենց որ համապատասխան դոնոր հայտնվի:
Բացի այդ, Ջոն Հոփկինսի անվան համալսարանի բժշկական դպրոցի բժիշկները պատրաստվում են սեռական օրգանի փոխպատվաստում կատարել զինվորին, որը Աֆղանստանում ծանր վնասվածք է ստացել:
Սեռական անդամի փոխպատվաստման առաջին հաջող վիրահատությունը կատարվել էր Հարավային Աֆրիկայում` 2014-ին:
2005-ին չինացի վիրաբույժները համանման վիրահատություն էին իրականացրել, բայց հետագայում հիվանդը խնդրել էր անդամահատել օրգանը, որովհետեւ նա եւ իր կինը հոգեբանական խնդիրների էին բախվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր