• Latest news

5 քիչ հայտնի հիվանդություն, որոնք ի հայտ են գալիս ծխելու հետեւանքով

1 հունիսի, 2016  13:06

Շատ շատերը գիտեն, որ ծխելն ուղղակիորեն կապված է թոքերի քաղցկեղի հետ, բայց օրգանիզմի վրա ծխախոտի ազդեցությունը դրանով չի սահմանափակվում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում   5 քիչ հայտնի հիվանդություն, որոնք ի հայտ են գալիս ծխելու հետեւանքով: 

1. Բերանի խոռոչի քաղցկեղ

Բերանի խոռոչի քաղցկեղը քաղցկեղի ամենանենգ տեսակներից է: Սովորաբար այն շատ ուշ են հայտնաբերում, երբ արդեն հասցնում է մետաստազներ տալ եւ գրեթե չի ենթարկվում բուժման:  Խնդիրն այն է, որ քիչ մասնագետներ են իրենց հիվանդների մոտ բերանի խոռոչի քաղցկեղ փնտրում, իսկ իրենք` հիվանդները, չիմանալով նման հիվանդության մասին, երբեք բժիշկների ուշադրությունը չեն հրավիրում բերանում տարօրինակ խոցերի վրա: 

Բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդների մեծամասնությունը ծխողներ են կամ նախկին ծխողներ, եւ հենց ծխելն է համարվում ռիսկի թիվ մեկ գործոնը. ծխախոտի կազմի մեջ մտնող քիմիական նյութերը բերանի խոռոչում հայտնվելով քաղցկեղածին ազդեցություն են ունենում:  Ծամելի ծխախոտը բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման ռիսկի հաջորդ գործոնն է:  

2. Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիան էրեկցիայի խանգարումն է, ինչի հետեւանքով տղամարդը չի կարողանում նորմալ սեռական գործողություն կատարել. դա հաճախ անառողջ ապրելակերպի հետեւանք է լինում  եւ, մասնավորապես, ծխելու, որը բացասաբար է ազդում անոթների վիճակի վրա եւ վատացնում է արյան շրջանառությունը, որը նորմալ էրեկցիա է ապահովում: 

3. Լնդերի հիվանդություն

Ծխելու հետեւանքով տուժում են նաեւ լնդերը, որոնց հիվանդությունների հետեւանքով ծխողները կարող են կորցնել լիովին առողջ ատամները, պնդում են ատամնաբույժները: Բժիշկները հաճախ բախվում են թուլացած լնդերով եւ երերացող ատամներով ծխող հիվանդների: 

Ծխելը փոխում է նաեւ ատամների գույնը` այն ավելի մուգ դարձնելով: Դա տեղի է ունենում ատամնափառի հետեւանքով, որ թողնում են ծխախոտում պարունակվող քիմիկատները: Ատամները ճիշտ մաքրելու դեպքում դրանց գույնը հնարավոր է վերականգնել, սակայն լնդերին եւ բերանի խոռոչի առողջությանը ծխելու բերած վնասը ոչ միշտ է հնարավոր հետ շրջել: 

4. Օստեոպորոզ

Քչերն են լսել ծխախոտի ծխի ավերիչ ազդեցության մասին ոսկրերի առողջության վրա, բայց պարզվում է, որ ծխելը զգալիորեն բարձրացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը: 

Հարցն այն է, որ ծխելը եւ նույնիսկ պասիվ ծխելը ոսկրերում նյութափոխանակության խանգարման եւ ոսկրային զանգվածի կորստի է հանգեցնում, ինչը մեծացնում է օստեոպորոզի զարգացման եւ ջարդվածքների ռիսկը: Եթե երեխան մանուկ հասակում ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցությանը, տարիներ անց նրա մոտ կարող են ոսկրերի հետ կապված խնդիրներ առաջանալ: Իհարկե, այդ ժամանակ նա հազիվ թե մտածում է, որ անսպասելի կոտրվածքները կապված են ծխի հետ, որը նա շնչել է հեռավոր մանկությունում:  Հենց այդ պատճառով օստեոպորոզը կոչում են  «մեծ հասակում դրսեւորվող մանկական հիվանդություն»:

5. Երեխայի առողջությունը

Հղիության ընթացքում ծխելը եւ պասիվ ծխելը փոխում են երեխայի ԴՆԹ-ն եւ կարող են նրա մոտ բնածին արատների առաջացման հանգեցնել: Ավելին, հղիության ընթացքում ծխող կանայք հաճախ շիզոֆրենիայի հակում ունեցող երեխաներ են ունենում: Այս պաթոլոգիայով երեխաների ծնունդը, մասնագետների կարծիքով, կապված է հենց մոր արգանդում պտղի ուղեղի վրա նիկոտինի ազդեցության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll