• Latest news

Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի փոխանցումը վերացված է. ԱՀԿ

8 հունիսի, 2016  13:01

Նյու Յորքում գտնվող ՀՀ պատվիրակությունը հունիսի 7-ին մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում ԱՀԿ-ի կողմից կազմակերպված «Մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացում. տոնելով երկրի հաղթանակը» խորագրով միջոցառմանը: 

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Ռեն Մինխոյը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիդը, ԱՀԿ-ի Հարավարևելյան Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Փունամ Քեթրապալ Սինկխը: 

Իր ելույթում Ռեն Մինխոյն ասաց, որ մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացումը հանրային առողջապահության զգալի նվաճումներից է, եւ այսօր մենք տոնում ենք Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Թայլանդի հաջողություններն այս ոլորտում: Միշել Սիդիբեն շնորհակալություն հայտնեց երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման երազանքն իրողություն դարձնելու համար, ինչը նշանակում է, որ հնարավոր է ունենալ ՄԻԱՎ-ից զերծ հասարակություն: Ջասթին Ֆորսիդը ևս շնորհավորեց երկրներին՝ նշելով, որ թեև Հայաստանը ՄԻԱՎ-ի ցածր տարավածություն ունեցող երկիր է, բայց շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության, անտենատալ խնամքի ու ՄԻԱՎ վարակի բուժման ոլորտներում բարձր մակարդակի հանձնառության` հասել է հաջողության, և վերջին 8 տարիների ընթացքում երկրում չի գրանցվել ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք: «Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել մինչ 2030թ. համաճարակը կասեցնելու համար, և այս 4 երկրների հաջողությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,- նշեց Ջասթին Ֆորսիդը: 

Այնուհետև երկրներին, դրանց թվում Հայաստանի Հանրապետությանը, տրամադրվեցին համապատասխան հավաստագրեր, ինչին հաջորդեցին հավաստագրեր ստացած երկրների ներկայացուցիչների ելույթները: 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ ԱՀԿ-ի վալիդացիայի գլոբալ կոմիտեի կողմից հաստատված ձեռքբերումը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է և վկայում է այն մասին, որ ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը վերջին 15 տարիներին մեր երկրում տվել են իրենց պտուղները: Երկրում ստեղծված են ՄԻԱՎ վարակի համաճարակի արդի մարտահրավերներին արձագանքման համարժեք կառույցներ: Նա նաև նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը, այդ թվում ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից առողջ երեխաների ծնունդը, Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են և այսպիսի կարևոր հավաստագիր ստանալը ինքնանպատակ չէ: «Այսուհետ մենք կշարունակենք հետևողական ջանքեր գործադրել ձեռք բերած կարգավիճակը պահպանելու համար», - ասաց նախարարը: 

Իր ելույթի վերջում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, Գլոբալ հիմնադրամին ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացմանը ցուցաբերվող անգնահատելի աջակցության և բեղմնավոր համագործակցության համար: 

«Այսօր մենք միասին փոխում ենք համաճարակի զարգացման հետագիծը և որպեսզի այն չվերադառնա ու դուրս չգա հսկողությունից, պետք է փոխել այն մեկընդմիշտ», - եզրափակեց նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է