• Latest news

Ապրիլին վիրավորված Անդրեյն արդեն քայլում է հենակների օգնությամբ

22 հուլիսի, 2016  11:57

Քչերն էին հավատում, որ 19-ամյա Անդրեյ Վարդումյանը, որի ողնաշարը քառօրյան պատերազմի ժամանակ ստացած վիրավորումից երկու տեղից վմասվել էր, երբեւէ կկարողանա քայլել, սակայն այսօր նա արդեն քայլում է, ճիշտ է՝ առայժմ հենակների օգնությամբ:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անդրեյը նշեց, որ դեռ 20 օր էլ կմնա Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում, սակայն առավելագույնս վերականգնվելու համար անհրաժեշտ է երկու տարի: Որքանով լիարժեք կլինի այդ վերականգնումը՝ ոչ ոք չի կարող ասել, բայց եւ՛ Անդրեյը, եւ՛ նրա հետ աշխատող մասնագետներն անում են ամեն ինչ իրենց ուժերի չափով:

Անդրեյի խոսքով՝ կենտրոնից դուրս գրվելուց հետո չի պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով. եթե մինչ այդ չհասնի իրեն բավարարող արդյունքների, կփնտրի այլ մեթոդներ, որոնց օգնությամբ էլի ավելի կամրապնդվի:

Իր հետագա ծրագրերի մասին խոսելով՝ Անդրեյը նշեց, որ առայժմ ամբողջությամբ կենտրոնացած է բուժման եւ վերականգնման վրա, սակայն ձմռանը կցանկանար վերադառնալ ուսմանը:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում 19-ամյա Անդրեյը հրազենային վիրավորում է ստացել՝ նրա ողնաշարը վնասվել էր երկու տեղից: Նրան առաջին օգնություն են ցույց տվել ծառայակիցները, նրանք էլ կանչել են շտապ օգնություն, որը նրան տեղափոխել է Մարտակերտի հոսպիտալ, այնտեղից նրան տեղափոխել են Ստեփանակերտ, այնուհետեւ՝ Երեւան:

Որոշ ժամանակ Անդրեյը բուժում է ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որից հետո նրան տեղափոխել են Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն:

Մասնագետների խոսքով՝ վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման հաջողության մեջ մեծ դերակատարում ունի նրանց տրամադրվածությունը եւ ոգու ուժը. ովքեր տրամադրված են վերականգնման եւ չեն հանձնվում, արագ են ոտքի կանգնում: Մասնագետները Անդրեյին դասում են հենց այն տղաների շարքին, որոնք դրական են տրամադրված. իր տրամադրվածության շնորհիվ նա բավական արագ կարողացավ շարժվել նախ քայլասայլակի օգնությամբ, ապա անցավ հենակներին: Ինքը՝ Անդրեյը հուսով է, որ ապագայում կկարողանա շարժվել ինքնուրույն՝ առանց հենակների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է