• Latest news

Հնարավո՞ր է թունավորվել արցունքաբեր գազից

3 օգոստոսի, 2016  13:10

Արդյոք արցունքաբեր գազը վտանգավոր է առողջության համար եւ հնարավոր է թունավորվել դրանից: Այդ հարցը կարող է ի հայտ գալ յուրաքանչյուրի մոտ, ով գոնե մեկ անգամ ենթարկվել է նման գազի ազդեցությանը:   

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ տեսականորեն հնարավոր է թունավորվել արցունքաբեր գազից, սակայն դրա համար անհրաժեշտ է բավականին երկար ժամանակ ենթարկվել դրա ազդեցությանը: Նրա խոսքով, փողոցում դա գրեթե անհնար է, որովհետեւ արցունքաբեր գազի կազմի մեջ մտնող նյութերն արագ գոլորշիանում են եւ ցրվում, իսկ հետո օդում նման գազի նոսրացումից հետո թունավորման համար անհրաժեշտ խտություն չի մնում:  

Եթե արցունքաբեր գազը կիրառվում է փողոցում, դրանից հետո առաջացող ախտանիշները սովորաբար կարճաժամկետ են, նշել է թունաբանը: Սովորաբար նման գազը շնչառական ախտանիշներ է առաջացնում` շնչառությունը բարդանում է, քթըմպանի լորձաթաղանթը չորանում է, աչքերից արցունք է հոսում: Այդ բոլոր ախտանիշները շուտով անցնում են եւ առողջության վրա երկարաժամկետ ազդեցություն չեն ունենում, պնդում է թունաբանը: 

Ծանր թունավորումների դեպքում, եթե տուժածը երկար ժամանակ ենթարկվել է արցունքաբեր գազի ազդեցությանը, վերոհիշյալ ախտանիշներին կարող են հավելվել ավելի լուրջ ախտանշաններ, ինչպես օրինակ` թոքերի այտուցումը, Կվինկեի այտուցումը, շնչահեղձությունը եւ այլն: Նման դեպքերում արդեն չարժե հույս ունենալ, որ ամեն ինչ ինքնուրույն կանցնի, անհրաժեշտ է բժշկի դիմել: Հաճախ նման թունավորումների դեպքում ստացիոնար բուժում է անհրաժեշտ լինում: 

Թունաբանը նշել է, որ Հայաստանում արցունքաբեր գազով թունավորման ծանր դեպքեր չեն եղել` ոչ վերջին իրադարձությունների ընթացքում, ոչ մարտի  1-ի: Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին 3 հիվանդ դիմել է իրենց կենտրոն` բողոքելով արցունքաբեր գազից թունավորումից. նրանք բոլորը թեթեւ ախտանիշներ են ունեցել, բոլոր երեքն էլ այժմ իրենց լավ են զգում: 

Ինչ անել, եթե Դուք տուժել եք արցունքաբեր գազից:

Արդեն նշվել է, որ արցունքաբեր գազի ազդեցությունից հետո ի հայտ եկող ախտանիշների մեծամասնությունը սովորաբար ինքնուրույն անցնում է: Դուք կարող եք արագացնել այդ գործընթացը` մեծ քանակությամբ ջուր խմելով եւ ավելի շատ ժամանակ նվիրելով հանգստին: 

Եթե իհարկե արցունքաբեր գազի ազդեցությունից հետո Դուք ձեզ վատ եք զգում, եթե Ձեզ համար դժվար է շնչելը, իսկ ախտանիշները 30-60 րոպեի ընթացքում չեն անցնում, անհրաժեշտ է բժշկի դիմել, ցանկալի է` թունաբանության բաժանմունք, նշել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է