Կանաչ սուրճն այնքան անարադյունավետ է նիհարելու համար, որ նույնիսկ նիհարեցնող դեղամիջոց արտադրող ընկերություններն այն չեն օգտագործում...
Նիհարել օգնող կանաչ սուրճի գրավիչ գովազդը վերջերս հայտնվել է բոլոր կայքերում ու սոցցանցերում: Իսկապե՞ս կանաչ սուրճը կարող է օգնել արագ ու հեշտ նիհարել: Հազարավոր կանանց հուզող այս հարցից NEWS.am Medicine-ին օգնում է գլուխ հանել դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Մարդիկ, ըստ էության, շատ ծույլ են, այդ պատճառով հաճույքով փորձում են ամեն «նորաձեւ» մթերք, որը նպաստում է նիհարելուն, ասում է դիետոլոգը: Կանաչ սուրճը բազմաթիվ «նորաձեւ» մթերքներից միայն մեկն է, իսկ մինչեւ դա նորաձեւ էր իմբիրը, ինչ-որ համեմունքներ եւ այլն:
Դիետոլոգի խոսքով՝ կանաչ սուրճն իսկապես պարունակում է նյութ, որը նպաստում է ճարպային հյուսվածքի ճեղքմանը: Սակայն այդ նյութից կանաչ սուրճի բաղադրության մեջ շատ քիչ կա, եւ ինչ-որ արդյունքի հասնելու համար պետք է այդ ըմպելիքից անհավանական քանակությամբ օգտագործել: «Այդքան կանաչ սուրճ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ խմել»,- ժպտաց դիետոլոգը:
Ճշմարտությունն այն է, որ, Վարդանուշ Պետրոսյանի խոսքով, կանաչ սուրճն այնքան անարդյունավետ է նիհարելու համար, որ նույնիսկ նիհարեցնող դեղամիջոց արտադրող ընկերություններն այն չեն օգտագործում:
«Կանաչ սուրճն ընդամենը նորաձեւության հերթական ճիչն է: Շուտով այս նորաձեւությունը կանցնի, եւ սրա փոխարեն մեկ ուրիշ բան երեւան կգա»,- ասաց դիետոլոգը:
Չնայած կանաչ սուրճն իրականում չի օգնում նիհարել՝ շատերը շարունակում են համառորեն խմել այն՝ հուսալով, որ երբեւէ այդ ըմպելիքի հրաշագործ հատկությունները, այնուամենայնիվ, ի հայտ կգան: Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ մարդիկ ազատ են կանաչ սուրճ խմելու, եթե ուզում են, նրանց ոչ ոք չի կարող արգելել: Մասնագետները, իհարկե, փորձում են ցրել առասպելները եւ ճիշտ տեղեկություն տարածել նիհարելու այդ բոլոր «նորաձեւ» միջոցների մասին, բայց անսալ, թե ոչ՝ յուրաքանչյուրի անձնական գործն է:
«Ի վերջո, մարդը, փորձելով նիհարելու այդ բոլոր «նորաձեւ» միջոցները, կզգա դրանց անարդյունավետությունը եւ կգա գիտակցության, որ նիհարելու համար պետք է ինչ-որ բան փոխել կյանքում»,- եզրափակեց դիետոլոգը:






