• Latest news

Բարձրսպիտակուցային սննդակարգն օգտակար է լյարդի համար

4 նոյեմբերի, 2016  11:46

Բուսական կամ կենդանական սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդակարգը լյարդում ճարպի մակարդակը նվազեցնում է 48 տոկոսով: Սա պարզել են գերմանացի գիտնականները:

Առաջին անգամ չէ, որ գիտնականները հետազոտում են բարձրսպիտակուցային դիետաների ազդեցությունը մարդու նյութափոխանակության վրա: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ նման սննդակարգը բարենպաստ է ազդում քաշի, լյարդում ճարպի պարունակության, արյան մեջ լիպիդների ու գլյուկոզայի մակարդակի եւ մկանային զանգվածի պահպանման վրա:

Այդուհանդերձ, որոշ գիտական աշխատություններում մասնագետները եզրակացրել են, որ սպիտակուցների շատ օգտագործումը կարող է նվազեցնել ինսուլինի ակտիվությունը եւ ներգործել երիկամների ֆունկցիայի վրա: Քանի որ նկատվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունք, Գերմանիայի Սննդի ինստիտուտի հետազոտողները որոշել են պարզել՝ արդյո՞ք սպիտակուցների աղբյուրները համապատասխան էֆեկտների համար վճռորոշ գործոն են:

Մասնագետները հետազոտել են բարձրսպիտակուցային դիետաների երկու տարբերակների ազդեցությունը 49-78 տարեկան 37 տղամարդկանց եւ կանանց նյութափոխանակության վրա, որոնք տառապել են 2-րդ տիպի դիաբետով, իսկ նրանց մեծ մասը՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ: Երկու սննդակարգերը միմյանցից տարբերվել են միայն սպիտակուցի աղբյուրով՝ հիմնականում կա՛մ բուսական, կա՛մ կենդանական ծագմամբ:

Սննդակարգի առաջին տարբերակում ներառվել են այնպիսի մթերքներ, օրինակ՝ լապշա կամ հաց, որոնք լրացվել են ոլոռի սպիտակուցով: Դիետայի երկրորդ տարբերակում սպիտակուցի աղբյուրը ոչ յուղային կաթնամթերքն է եղել, ինչպես նաեւ սպիտակ միսն ու ձկնեղենը:

Աշխատության հեղինակների խոսքով՝ բոլոր մասնակիցների համար բարձրսպիտակուցային սնունդն օգտակար է եղել՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի սպիտակուցներ են օգտագործել: Ըստ որում՝ գիտնականները լյարդի ֆունկցիայի կամ գլյուկոզայի նյութափոխանակության վրա ոչ մի բացասական էֆեկտ չեն նկատել:

Լյարդի մեջ ճարպի պարունակությունը զգալիորեն նվազել է, մասնակիցներից կեսի մոտ՝ ավելի քան 50 տոկոսով: Դրան զուգահեռ՝ դրական փոփոխություններ են նկատվել լյարդում եւ լիպիդային նյութափոխանակության մեջ, լավացել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, նաեւ արյան մեջ նկատելիորեն նվազել է աճի գործոն կոչվող ֆիբրոբլաստով-21 հորմոնի մակարդակը:

Տվյալ հորմոնն արտազատում է լյարդը եւ, ինչպես պարզվել է հետազոտություններով, ներգործում է տարբեր օրգանների եւ ճարպային հյուսվածքի վրա: Հաստատվել է, որ ավելորդ քաշով մարդկանց արյան մեջ այս հորմոնի խտությունը բարձր ցուցանիշներ ունի: Մասնագետները ենթադրում են, որ հորմոնի մակարդակը մասամբ կախված է օգտագործվող մակրոնուտրիենտների տեսակից եւ քանակից:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Gastroenterology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է