• Latest news

Ի՞նչ չի կարելի անել գերսառեցման եւ ցրտահարման դեպքում

11 հունվարի, 2017  21:35

Հայաստանում այս ձմեռ հատկապես ցուրտ է, եւ թեպետ լուրջ ցրտահարվելու դեպքեր մեր երկրում քիչ են լինում, չափազանց կարեւոր է իմանալ, թե վերջույթների ցրտահարվելու դեպքում ինչ առաջին օգնություն է անհրաժեշտ ցուցաբերել, եւ ինչը ոչ մի դեպքում անել չի կարելի, ինչպես նաեւ ինչպես է պետք խուսափել այդ խնդրից։ Այս հարցերի պատասխանները NEWS.am Medicine–ի թղթակցին օգնել է գտնել ընտանեկան բժիշկ, Ընտանեկան բժշկության ակադեմիական միության համանախագահ Մարինա Օհանյանը։

Ցրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ օրգանիզմի հյուսվածքների վնասումն է։ Այն առաջինն անդրադառնում է քթին, ականջախեցիներին, վերջույթներին՝ ձեռքի եւ ոտքի մատներին։

Ի՞նչ չի կարելի անել ցրտահարվելու դեպքում

1. Ցրտահարված վերջույթները տաք ջրի մեջ դնել

Առաջին  բանը, ինչ անում են շատերը ցրտահարվելու ժամանակ, դրանք տաք ջրով կամ վառարանի վրա տաքացնելն է։ Դա, ըստ մասնագետի, չի կարելի անել։ Նման տաքացումը կարող է ջերմային այրոցով ավարտվել։ Բանն այն է, որ վերջույթների ցրտահարության պատճառով արյան շրջանառությունը վատանում է, անոթները նեղանում են, իսկ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը այդ ֆոնին կարող է հանգեցնել ջերմային այրոցների։

2. Շփել ցրտահարված վերջույթները

Որոշ մարդիկ ձյունով, սպիրտով, փորսուղի ճարպով կամ այլ յուղերով սկսում են շփել ցրտահարված վերջույթները։ Դա նույնպես չի կարելի անել, քանի որ նման տրորումները կարող են վնասել մաշկը, իսկ վնասված մաշկից օրգանիզմ կարող են անցնել վարակներ։

Իսկ ի՞նչ է կարելի անել ցրտահարության ժամանակ

1. Շնչառությամբ տաքացնել վերջույթները

Շատերը բնազդաբար սկսում են շնչել սառած վերջույթների վրա, եւ դա, բժշկի խոսքով, լավ գաղափար է։

2. Վերջույթն աստիճանաբար տաքացնել

Ինչպես արդեն ասացինք, սառած վերջույթը տաք ջրի մեջ դնել չի կարելի, բայց կարելի է սկսել այն տաքացնել թույլ գոլ ջրով, իսկ հետո աստիճանաբար բարձրացնել ջերմաստիճանը։

3. Բամբակով թանզիֆի (մառլյայի) փաթաթան

Ցրտահարված վերջույթի վրա կարելի է նաեւ ոչ պինդ կապած բամբակով թանզիֆի մի քանի շերտով փաթաթան դնել, ցանկալի է առնվազն 7 շերտ։ Ընդ որում ամեն նոր շերտը պետք է մակերեսով ավելի մեծ լինի նախորդից։ Հետո փաթաթանը պետք է ծածկել փայլաթիթեղով։ Նման փաթաթանը կօգնի վերականգնել արյան շրջանառությունը վերջույթում եւ տաքացնել այն։

4. Տաք թեյ

Գերսառեցումից հետո տաքանալու համար կարելի է տաք թեյ խմել եւ արյան շրջանառությունը եւ միկրոցիրկուլյացիան կարգավորող դեղ, եթե, իհարկե, նման դեղեր ընդունելու որեւէ հակացուցում չկա։

5. Դիմել բժշկի

Եթե ցրտահարումը լուրջ է, եթե վերջույթի վրա փուչիկներ եւ սաստիկ կարմրություն են առաջացել, իսկ վերոնշյալ միջոցները անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ցանկալի է դիմել բժշկի՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։

Ինչպե՞ս խուսափել գերսառեցումից եւ ցրտահարությունից

Մարինա Օհանյանը նաեւ մի քանի պարզ խորհուրդներ է տալիս, որոնք կօգնեն խուսափել գերսառեցումից եւ պաշտպանվել ցրտահարվելուց.

  • Երկար ժամանակ ցրտին մի՛ մնացեք։ Դուք կարող եք չնկատել, թե ինչպես եք ցրտահարվում։
  • Խոնավությունը մեծացնում է ցրտահարվելու ռիսկը։ Չարժե մոռանալ այդ մասին։ Ոչ մի դեպքում տնից դուրս մի՛ եկեք խոնավ մազերով։ Համոզվեք, որ Ձեր գուլպաները եւ ոտքերը խոնավ չեն։
  • Շատ բրդյա իրեր կրեք՝ գուլպաներ, ձեռնոցներ, գլխարկ, շարֆ։ Դրանք կօգնեն վերջույթները փրկել ցրտահարումից։
  • Կարելի է հատուկ քսուքներ օգտագործել քամուց պաշտպանվելու համար։ Դրանք, իհարկե, լուրջ ցրտահարումից չեն փրկի, բայց ինչ–որ չափով մաշկը կփրկեն սառնամանիքից։
  • Զգույշ եղեք ալկոհոլային խմիչք օգտագործելիս։ Հենց ալկոհոլն է լուրջ ցրտահարության դեպքերի մեծ մասի պատճառը։ Եթե ձմռանը արբած մարդը փողոցում ուշագնաց լինի, նա, ամենայն հավանականությամբ, շատ լուրջ խնդիրներ կունենա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել