• Latest news

4 խորհուրդ ծխելը թողնել ցանկացողների համար

24 հունվարի, 2017  21:40

Ոմանց հաջողվում է արագորեն եւ դյուրին թողնել ծխելը, մյուսներն էլ հնարավոր ամեն ինչ փորձում են, բայց ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել այդ վնասակար սովորույթից: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը մի քանի խորհուրդ է ներկայացրել, որոնք կարող են չափազանց օգտակար լինել ծխելը թողնել ցանկացողների համար:

1. Գիտակցեք, որ ցանկացած սովորույթից հրաժարվելու համար ժամանակ է պետք: Հազիվ թե կարողանաք մեկ կամ երկու օրվա ընթացքում թողնել ծխելը: Ծխելու սովորույթից ամբողջությամբ ազատվելու եւ կենսակերպը փոխելու համար 6-12 ամիս պետք է աշխատեք: Տրամադրվեք սրան եւ մի տրտնջացեք, որ ամեն ինչ այնքան էլ արագ չի ստացվում, որքան կուզեիք:

2. Ծխախոտին այլընտրանք գտեք: Եթե Դուք, օրինակ, սիրում եք սուրճ խմել եւ ծխել, մտածեք, թե ինչով կարող եք այդ «արարողության» ընթացքում փոխարինել ծխախոտը: Իհարկե՝ ցանկալի է, որպեսզի այդ «այլընտրանքն» առողջության համար վնասակար չլինի:

3. Փորձեք հասկանալ, թե երբ եւ ինչու եք ծխում: Հաճախ մարդիկ, իրենք էլ չգիտակցելով, ծխում են տարբեր հոգեբանական խնդիրների պատճառով: Նման մարդկանց համար ծխախոտը փախուստ է կոնֆլիկտներից ու խնդիրներից: Օրինակ, եթե մարդուն դուր չեն գալիս գործընկերները կամ աշխատանքը, նա կարող է հաճախ դուրս գալ ծխելու՝ գործից կամ շրջապատող մարդկանցից հանգստանալու համար: Նման մարդու համար ծխելը միայն «ախտանշան» է, իսկ իսկական «հիվանդությունն» աշխատավայրում խնդիրներն են: Հետեւաբար՝ նախ հարկավոր է լուծել այդ խնդիրը, իսկ հետո ծխելը թողնելն ավելի դյուրին կլինի:

4. Դիմեք մասնագետի օգնությանը: Ամենեւին էլ ոչ բոլորը կարող են ինքնուրույն հասկանալ, թե ինչն է իրենց մղում ծխել, քանի որ ոչ բոլոր հոգեբանական խնդիրներն են մակերեսային: Հոգեբանը կամ հոգեբույժը կարող են օգնել լուծել խնդիրները, որոնցով էլ պայմանավորված է Ձեր կախվածությունը ծխախոտից, եւ կկարողանաք նոր կյանք սկսել՝ ազատ առողջությանը եւ գրպանին հարվածող վնասակար սովորույթից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել