• Latest news

Ամբողջ աշխարհում ավելի քան 125 մլն կին է թլպատվել. ՄԱԿ

7 փետրվարի, 2017  16:52

ՄԱԿ-ի գնահատականներով՝ «կանացի թլպատման» ցավոտ եւ նվաստացուցիչ գործողության է ենթարկվել ավելի քան 125 մլն աղջիկ: ՄԱԿ-ի ռադիոյի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կանանց թլպատումը կանանց ու աղջիկների իրավունքների խախտում եւ կանանց խտրականության ծայրահեղ ձեւ է ճանաչել:

Կանացի սեռական օրգանների խեղող վիրահատություններ. սա է պաշտոնական եզրույթը: Դա գործողությունների մի ամբողջ շարք է. ծլիկադեկտոմիա՝ ծլիկի մասնակի կամ ամբողջական հեռացում, էկսցիզիա՝ ծլիկի եւ փոքր, իսկ երբեմն՝ նաեւ մեծ սեռական շուրթերի մասնակի կամ ամբողջական հեռացում: Եվ սա ամենը չէ: Գոյություն ունի նաեւ ինֆիբուլացիա, երբ սեռական շուրթերի հեռացման արդյունքում հեշտոցի մուտքը նեղացնող օղակ է ստեղծվում: Այս ամենի հետեւանքների մասին պարզաբանումներ է տվել ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամից Նաֆիսատու Դիոպը:

«Նախ՝ դա սարսափելի ցավ է, արնահոսություն, վարակներ, անպտղության հավանականություն, գոյացություններ եւ այլն: Նման վիրահատության ենթարկվածների մոտ մեծանում է ծննդաբերության ժամանակ արնահոսության եւ մահվան վտանգը: ՄԵծանում է նաեւ փոքր քաշով երեխայի լույս աշխարհ գալու եւ նորածնի մահվան հավանականությունը»,- նշում է Դիոպը:

Որպես կանոն՝ «կանացի թլպատման» գործողությունը կատարվում է մինչեւ 15 տարեկանում: Ամեն տարի այս գործողությանը շուրջ 3 մլն աղջիկ է ենթարկվում: Սա տարածված է աֆրիկյան բազմաթիվ երկրներում, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք պետություններում, իսկ միգրանտները երեւույթը Եվրոպա եւ Հյուսիսային Ամերիկա են տանում: Այդ մշակույթներում կանացի թլպատումն աղջիկների դաստիարակության եւ նրանց ամուսնության նախապատրաստելու անքակտելի մաս է: Համարվում է, որ այդ վիրահատությունը ճնշում է աղջկա լիբիդոն, իսկ դա նշանակում է, որ օգնում է դիմակայել «ապօրինի» սեռական հարաբերություններին ինչպես ամուսնությունից առաջ, այնպես էլ հետո: ՄԱԿ-ի փորձագետներին անհանգստացնում է, որ հաճախ նման վիրատահությունները, որոնք որեւէ բժշկական ցուցում չունեն, հենց բժիշկներն են կատարում:

«Ոմանք կարծում են, որ եթե այդ վիրահատությունը բժիշկները կատարեն, կանանց համար ավելի դյուրին կլինի: Հնարավոր է՝ այդ դեպքում հաջողվի նվազագույնի հասցնել հետեւանքները: Բայց բոլորն են խոստովանում, որ եթե անգամ վիրահատությունը բժիշկն է կատարում, չեն վերանում ծննդաբերության հետ կապված վտանգները, ինչպես նաեւ սեռական կյանքի եւ էմոցիոնալ վիճակի վրա բացասական ազդեցությունները»,- նշում է Նաֆիսատուն:

ԱՀԿ-ից Էլիս Յոհանսոնի խոսքով՝ կանացի սեռական օրգանները խեղող վիրահատությունների 18%-ը կատարում են առողջապահության ոլորտի աշխատակիցները. «Դա լրջորեն անհանգստացնում է, քանի որ բուժաշխատողները, ըստ էության, նպաստում են աղջիկների իրավունքները խախտելուն: Նրանց մասնակցությունն այդ գործողությանն օրինականություն է տալիս եւ տպավորություն է ստեղծվում, որ այն անվտանգ կամ նույնիսկ առողջության համար օգտակար է»:

ՄԱԿ-ը «կանացի թլպատմանը» պատերազմ է հայտարարել դեռեւս 1997 թվականին: Եվ հաջողություններ գրանցվել են: Նաֆիսատու Դիոպը պարզաբանում է, որ 15-19 տարեկանների շրջանում նման վիրահատության ենթարկվածների թիվն ավելի քիչ է, քան 35 տարեկանն անց կանանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է