• Latest news

Հակադեպրեսանտները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղը բուժելիս

15 մարտի, 2017  14:35

Նոր հետազոտության ընթացքում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն ֆերմենտը, որը շագանակագեղձի քաղցկեղի բջիջներին օգնում է մետաստազներ առաջացնել ոսկրային հյուսվածքում: Ավելին՝ պարզվել է, որ հակադեպրեսանտների որոշ տեսակներ կարողանում են այս ֆերմենտն արգելափակել: Washington State University Spokane համալսարանի գիտնական Ջեյսոն Վուի իրականացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Cell պարբերականում:

Նոր հետազոտության ընթացքում Վուն եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ մոնոամինոօքսիդազա А (ՄԱՕ-А) ֆերմենտը մասնակցում է ազդանշանային կասկադի աշխատանքին, որը հեշտացնում է ոսկրային հյուսվածքի մեջ շագանակագեղձի քաղցկեղի բջիջների թափանցման գործընթացը: Գիտնականները նման եզրակացության են եկել՝ մարդու քաղցկեղայի բջիջները ներարկելով մկներին եւ վերլուծելով ՄԱՕ-А-ի ակտիվությունը: Պարզվել է, որ այս ֆերմենտը խթանում է 3 այլ սպիտակուցների ակտիվությունը, որոնք, իրենց հերթին, ակտիվացնում են օստեոկլաստների աշխատանքը, որոնք քայքայում են ոսկրային հյուսվածքը: Սա անհրաժեշտ է ոսկրերի թարմացման համար. ոսկրային հյուսվածքի քայքայմանը զուգահեռ օրգանիզմում տեղի է ունենում նրա սինթեզը, եւ նորմայի դեպքում մեծահասակների օրգանիզմում այս երկու գործընթփացների արագությունը համընկնում է:

«Քաղցկեղային բջիջները կարողանում են յուրահատուկ կերպով խթանել օստեոկլաստների աշխատանքը: Ֆենոմենը, որը հայտնաբերել ենք բացատրվում է այն հանգամանքով, որ ոսկրային հյուսվածքի քայքայման արագությունը շատ ավելի է գերազանցել նորի ստեղծման արագությանը»,- ասել է Վուն:

Երբ հետազոտողները նվազեցրել են քաղցկեղային բջիջներում ՄԱՕ-А-ի արտադրումը, նվազել է նաեւ ոսկրային հյուսվածքում տարածվելու նրա ունակությունը: Եվ հակառակը՝ ֆերմենտի սինթեզի ակտիվացման դեպքում մկների մոտ մետաստազների թիվը մեծացել է:

Աշխատանքի հաջորդ մասում գիտնականներն օգտագործել են ՄԱՕ կլորգիլին (clorgiline) անշրջելի սելեկտիվ ինհիբիդորը: Ինչ-որ ժամանակ այն օգտագործվել է որպես հակադեպրեսանտ: Պարզվել է, որ կլորգիլինի ազդեցությունը ՄԱՕ-А-ին խանգարում է ակտիվացնել օստեոկլաստների աշխատանքը խթանող սպիտակուցները: Այսպիսով, ՄԱՕ ինհիբիդորի կիրառումը նվազեցրել է քաղցկեղային բջիջների ոսկրային հյուսվածքում տարածվելու եւ այնտեղ աճելու ունակությունը:

«Մեր դիտարկումները բացատրում են, թե «հին» հակադեպրեսանտները ինչու են օգտակար ուշ փուլում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին, որոնք տառապում են տարածման ախտանշաններից»,- ընդգծել է Վուն:

ԱՄՆ-ում բնակվող տղամարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդությունների տարածվածությամբ երկրորդն է: Այն զիջում է միայն մաշկի քաղցկեղին: Ամերիկյան օնկոլոգիական միության (American Cancer Society) տվյալներով՝ 2017 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է շագանակագեղձի քաղցկեղի մոտ 161.330 նոր դեպք: Ավելի քան 26 հազար տղամարդ մահանում է այս հիվանդության հետեւանքով, ըստ որում՝ մահացածների մոտ 90 տոկոսի մոտ առկա է ոսկրերի մետաստազային ախտահարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել