• Latest news

Սրտի իշեմիկ հիվանդության կանխարգելման 5 կարեւորագույն քայլ

11 մայիսի, 2017  18:30

Սրտի իշեմիկ հիվանդությունն ամբողջ աշխարհում առավել տարածված սիրտ-անոթային հիվանդություններից մեկն է եւ մահացության ու աշխատունակության կորստի հիմնական պատճառներից մեկը: Հիվանդությանը բնորոշ է կորոնար զարկերակների վնասման հետեւանքով սրտամկանին արյան մատակարարման բացարձակ կամ համեմատական խանգարումը:

Հայտնի ռուս սրտաբան, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Հարությունովը NEWS.am Medicine-ի հետ զրույցում խոսեց սրտի իշեմիկ հիվանդության առաջացման վտանգի գործոնների եւ այն մասին, թե ինչ պետք է անել այս հիվանդությունը կանխելու եւ անոթների ու սրտի առողջությունը պահպանելու համար:

Հիպերտոնիայի վերահսկողություն

Զարկերակային բարձր ճնշումը (140/90-ից բարձր) սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հավանականության կարեւորագույն գործոններից մեկն է:

«Կատարեք պարզ բան՝ տանը հավանաբար ունեք ճնշումը չափող սարք, եթե ոչ՝ հավանաբար հարեւանները կունենան: Վերցրեք սարքը եւ չափեք ճնշումը: Եթե այն հանգիստ վիճակում ավելի բարձր է, քան 140/90-ը, բժշկի դիմեք: Դուք չեք կարող ինքնուրույն ձեր ճնշումը կարգավորել: Մի՛ լսեք ձեր հարեւաններին, բարեկամներին, որոնք ձեզ կպատմեն հրաշագործ միջոցների մասին: Հիպերտոնիայի բուժմամբ պետք է բժիշկն զբաղվի»,- ասաց Գրիգորի Հարությունովը:

Քաշի վերահսկողություն

Մասնագետը նշեց, որ ավելորդ քաշը նույնպես սրտի իշեմիկ հիվվանդության եւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման հավանականության լուրջ գործոն է: Եթե տղամարդու գոտկատեղը 94 սմ եւ ավելի է ընդգրկում, իսկ կնոջ մոտ՝ 88 սմ եւ ավելի, խորհուրդ է տրվում բժշկի դիմել եւ նրա հետ խորհրդակցել արդյունավետ ու անվտանգ նիհարելու մասին:

Ծխելուց հրաժարում

Սրտի հիվանդությունների առաջացման եւս մեկ կարեւոր գործոն է ծխելը: Ըստ որում՝ սրտի եւ անոթների առողջությանը կարող են լուրջ վնաս պատճառել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը:

«Ինքնախաբեությամբ մի զբաղվեք: Եթե դուք ծխում էիք 20 սիգարետ, իսկ հիմա սկսել եք 18 սիգարետ ծխել, չպետք է մտածեք, որ հիմա սկսել եք ձեր առողջությունն ավելի քիչ վնասել՝ իրականում ոչինչ չի փոխվել: Ձեր իրավունքն է՝ ցանկանում եք ծխել, ծխեք: Բայց պետք է իմանաք, որ եթե ծխում եք, դուք ձեզ սպանում եք, ավելի քան 10 տարի չեք ապրում մինչեւ կյանքի հաշվարկված տեւողությունը: Մտածեք ձեր կողքին գտնվողների մասին: Եթե տանն եք ծխում, ապա պասիվ ծխող են ընտանիքի մյուս բոլոր անդամները: Դա նույնքան սարսափելի է, որքան եթե իրենք իսկ ծխեին»,- նշեց սրտաբանը:

Երակազարկ

Մասնագետի խոսքով՝ սրտի կծկումների հաճախականությունը շատ բան կարող է վկայել մարդու առողջության մասին: Եթե հանգիստ վիճակում երակազարկն ավելի շատ է, քան րոպեում 70 զարկը, բժշկին դիմելը ցանկալի է: Մասնագետը հիշեցրեց, որ ժամանակին հայտնաբերված ցանկացած խնդիր, որպես կանոն, ավելի հեշտ է շտկվում:

Խոլեստերին

Արյան մեջ, այսպես կոչված, «վատ խոլեստերինի» (փոքր խտության լիպոպրոտեինների) մակարդակի բարձրացումը նույնպես կապված է սրտի հիվանդությունների առաջացման հավանականության հետ, ուստի բոլոր չափահաս մարդկանց սրտաբանը խորհուրդ է տալիս տարեկան 3 անգամ արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակի ստուգման անալիզներ հանձնել:

Սրտաբանը նաեւ նշեց, որ սրտի իշեմիկ հիվանդության կանխարգելմամբ պետք է զբաղվեն առանց բացառության բոլոր մարդիկ, ըստ որում՝ ցանկալի է կանխարգելումը սկսել 18 տարեկանից. չարժե սպասել հիվանդության ախտանիշներին, որ ինչ-որ բան սկսեք անել:

«Եթե ձեր առողջությանն ուշադիր վերաբերվեք, ձեր կյանքի երկարատեւությունը կերաշխավորվի»,- նշեց սրտաբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել