Այսօր շատ տարածված են եւ ամենուրեք գովազդվում են տարատեսակ նիհարեցնող միջոցներ, օրինակ, կանաչ սուրճը, հատուկ թեյերը, սննդային հավելումները եւ նիհարեցնող հաբերը: Կարո՞ղ են դրանք իսկապես օգնել նիհարել: Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ միջոցներից ոչ մեկն իրականում չի կարող օգնել ազատվել ավելորդ քաշից:
«Գիրությունը ճարպային հյուսվածքի ավելցուկն է: Գոյություն չունի ոչ մի դեղամիջոց, որը քայքայում է ճարպային հյուսվածքը: Չկա այդպիսի դեղամիջոց, որը կարող ենք մենք խմել եւ ճարպային հյուսվածքը քայքայել», - ասաց նա:
Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ բոլոր «նիհարեցնող» թեյերն եւ դեղամիջոցները:
• Միզամուղներ: Ինչպես նշեց Հասմիկ Աբովյանը, «նիհարեցնող» միջոցների մի մասը ուղղակի միզամուղներ են: Դրանք մարդու օրգանիզմից դուրս են բերում ավելորդ հեղուկը, եւ քաշը իջնում է, իսկ մարդուն թվում է, որ նա նիհարել է: «Բայց որքանո՞վ է ճիշտ քաշը կորցնել ջրազրկման միջոցով, երբ քաշն իրականում պայմանավորված է ճարպային հյուսվածքներով», - հարցրեց դիետոլոգը:
• Լուծողական պրեպարատներ: Այս միջոցները թույլ չեն տալիս, որ սննդային մթերքները լիարժեք յուրացվեն մարդու օրգանիզմի կողմից: Եթե մարդ օգտագործի լուծողական դեղամիջոցներ, «քաշի որոշակի ժամանակավոր փոփոխություն կլինի»։ «Բայց չէ որ մեր նպատակը ոչ թե քաշի փոփոխությունն է որպես այդպիսին, այլ ավելորդ ճարպային հյուսվածքի դեմ պայքարը», - նշեց դիետոլոգը: Բացի այդ, լուծողական միջոցները, եթե դրանք օգտագործվում են չափից շատ եւ առանց բժշկի նշանակման, կարող են շատ ծանր բարդություններ առաջացնել: Այս մեթոդով նիհարողները, ինչպես նշեց Հասմիկ Աբովյանը, քաշի հետ մեկտեղ կարող են նաեւ անվերադարձ կորցնել իրենց առողջությունը եւ մի շարք հիվանդություններ ձեռք բերել:
• Փսիխոտրոպ միջոցներ: Ինչպես նշեց դիետոլոգը, կան նաեւ փսիխոտրոպ նյութեր պարունակող միջոցներ, որոնք իրականում հակադեպրեսանտի նման մի բան են: Դրանք ժամանակավոր բարձրացնում են մարդու տրամադրությունը, եւ նա սկսում է փոքրինչ քիչ ուտել: «Բայց արդյո՞ք արժե այդպիսի լուրջ դեղամիջոցների դիմել, որոնք կարող են առաջացնել կախվածություն: Դրանք այնքան լուրջ պրեպարատներ են, որ միայն եւ միայն բժշկի նշանակումով պետք է ընդունվեն», - ավելացրեց Հասմիկ Աբովյանը:
Իսկ ինչպե՞ս է կարելի նիհարել, եթե բոլոր նիհարեցնող միջոցներն իրականում չեն նիհարեցնում: Դիետոլոգը վստահ է, որ միայն առողջ ապրելակերպը եւ ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել ազատվել ավելորդ քաշից:






