• Latest news

Այլընտրանքային բժշկությունը սպանում է քաղցկեղով հիվանդներին. հետազոտություն

15 օգոստոսի, 2017  16:32
Այլընտրանքային բժշկության հետեւորդների շրջանում քաղցկեղի դեպքում 5-ամյա վերապրելիությունը 2,5 անգամ ավելի ցածր է, պարզել են ուռուցքաբանները: Նրանք մտահոգված են, որ քաղցկեղի բուժման նման մեթոդն ավելի հաճախ են ընտրում կրթված երիտասարդները:

Ինչպես նշված է Journal of the National Cancer Institute ամսագրում հրապարակված հոդվածում, այլընտրանքային բժշկության մեթոդները՝ հոմեոպատիայից մինչեւ ակուպունկտուրա, աշխարհում բավականին տարածված են, մասնավորապես՝ ԱՄՆ-ում դրան է դիմում յուրաքանչյուր երրորդը:

Յելի համալսարանի հետազոտողները վերլուծել են 2004-2013 թվականներին քաղցկեղի վերաբերյալ Ազգային բազայի տվյալները: Նրանք 281 հիվանդի են առանձնացրել, որոնց մոտ վաղ փուլերում կրծքագեղձի, շագանակագեղձի, թոքերի կամ աղիների քաղցկեղ է ախտորոշվել, սակայն նրանք հրաժարվել են բուժումից եւ դիմել են այլընտրանքային բժշկությանը: Չնայած նման հիվանդները փոքրաթիվ էին, բուժումից նրանց հրաժարվելը թանկ գին է ունեցել:

Երբ հետազոտողները այս հիվանդների վերապրելիության ցուցանիշները համեմատել են համանման ախտորոշմամբ 560 հիվանդների տվյալների հետ, որոնք քիմիաթերապիա, ռադիոթերապիա են ստացել եւ (կամ) վիրահատվել են, պարզել են, որ բուժման այլընտրանքային մեթոդների հետեւորդները ախտորոշումը կատարելուց հետո 5 տարվա ընթացքում 2,5 անգամ ավելի հաճախ են մահացել:

Այնուհետեւ գիտնականները վերապրելիությունը համեմատել են ախտորոշումից կախված: Այսպես՝ կրծքագեղձի քաղցկեղը այլընտրանքային բժշկության կողմնակիցներին 5,68 անգամ ավելի հաճախ էր մահվան հասցնում: Թոքերի քաղցկեղի հետեւանքով մահանալը 4,57 անգամ ավելի հավանական է դարձել, աղիների քաղցկեղի հետեւանքով՝ 2,17 անգամ:

«Հիմա մենք ապացույցներ ունենք, որ քաղցկեղի բուժման ապացուցված արդյունավետությամբ մեթոդների փոխարեն այլընտրանքային բժշկության մեթոդների օգտագործումը հիվանդներին մահվան է հասցնում,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, ուռուցքաբան Սքայլեր Ջոնսոնը: - Մենք հույս ունենք, որ հիվանդները եւ բժիշկները բուժման մասին որոշում ընդնունելիս այս տեղեկությունից կօգտվեն»:

Հետազոտության հեղինակները նշում են, որ հետազոտության մեջ ուշադրություն է դարձվել, թե հիվանդները այլընտրանքային բժշկության հատկապես որ մեթոդներին են դիմել:

«Դա կարող էր լինել ե՛ւ խոտաբուժությունը, ե՛ւ հոմեոպատիան, ե՛ւ հատուկ սննդակարգը, ե՛ւ էներգետիկ բյուրեղներով՝ քարերով բուժումը, որոնք, ինչպես մարդկանց է թվում, բուժող ուժ ունեն»,- պարզաբանել է Ջոնսոնը:

Գիտնականների համար անակնկալ էր այն, որ այլընտրանքային բուժման են դիմել առավելապես կրթված, եկամուտի բարձր մակարդակով երիտասարդները:

«Ինձ սա վախեցնում է: Նրանք երիտասարդ հիվանդներ էին, որոնց բուժելը դժվար չէր, սակայն դրա փոխարեն ամեն կարգի բուժակները նրանց կերակրել են օձի յուղով»,- նշում է հետազոտության հեղինակներից Ջեյմս Յուն:

Գիտնականները հույս ունեն, որ ստացած տվյալները կօգնեն պայքարել այլընտրանքային բժշկության մեթոդների թվացյալ ազդեցության ապատեղեկատվության դեմ, հատկապես այնպիսի ծանր հիվանդությունների բուժման դեպքում, ինչպիսին քաղցկեղն է: Սակայն բուժման միջոցի ընտրությունը, միեւնույն է, հիվանդն է կատարում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է