• Latest news

Քաղցկեղի դեպքերի համարյա կեսը կարելի է կանխել

27 նոյեմբերի, 2017  23:49

Ուռուցքային հիվանդությունների մոտ 42 տոկոսը եւ քաղցկեղի հետեւանքով մահվան դեպքերի 45 տոկոսը կապված են ռիսկի գործոնների հետ, որոնք հնարավոր էր կանխել եւ, հետեւաբար, խուսափել ուռուցքի առաջացումից: Այդպիսի տվյալներ են հրապարակել Ամերիկյան ուռուցքաբանության ընկերության փորձագետները  The Cancer Journal for Clinicians-ում:

Մասնագետները հաշվարկել են 30 եւ ավելի տարիք ունեցող մեծահասակների կենսակերպի որոշակի գործոնների ազդեցության քանակն ու աստիճանը, որոնք նպաստել են ուռուցքների 26 տարբեր տեսակների զարգացմանը:

Մասնագետները ռիսկի գործոններ են համարել.

  • ծխելը
  • պասիվ ծխելը
  • մարմնի հավելյալ քաշը
  • ալկոհոլի օգտագործումը
  • կարմիր մսի օգտագործումը
  • միրգ ու բանջարեղեն, կալցիում եւ բջջանյութ քիչ պարունակող սննդակարգը
  • ֆիզիկական ակտիվության բացակայությունը
  • արեւի կամ արհեստական սոլյարիի ուլտրամանուշակագույն ճառագայթները
  • քաղցկեղի հետ կապված 6 իմֆեկցիաները՝ Helicobacter pylori, հեպատիտ В –ն (HBV), հեպատիտ C –ն (HPC), մարդու հերպեսի 8-րդ տեսակի վիրուսը (HHV8), ՄԻԱՎ եւ ՄՊՎ վարակները։

Մասնագետները վերլուծել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկաման ու կանխարգելման կենտրոնից եւ Քաղցկեղի ազգային ինստիտուտից ստացված տվյալները եւ հանգել այն եզրակացության, որ 2017-ի արդյունքների համաձայն՝ երկրում կհայտնաբերվեն ուռուցքային հիվանդությունների ավելի քան 1,6 միլիոն եւ քաղցկեղից մահվան 600 000 նոր դեպքեր:

Հետազոտության հեղինակները վերլուծել են ռիսկի յուրաքանչյուր գործոնի ազդեցությունը քաղցկեղի դեպքերի ընդհանուր թվի եւ մահացության ցուցանիշների վրա: Ծխելը գլխավորել է այդ ցուցակը:

  • Ծխելով է պայմանավորվում քաղցկեղով հիվանդանալու  դեպքերի 19 տոկոսը եւ քաղցկեղից մահացության մոտ 29 տոկոսը:
  • Հավելյալ քաշն առաջացրել է քաղցկեղով հիվանդացության դեպքերի 7,8 տոկոսը եւ դրանից մահացության 6,5 տոկոսը:
  • Ալկոհոլի օգտագործումն առաջացրել է քաղցկեղով հիվանդացության դեպքերի 5,6 տոկոսը եւ դրանից մահացության 4 տոկոսը:
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթումն առաջացրել է քաղցկեղով հիվանդացության դեպքերի 5 տոկոսը եւ դրանից մահացության 1,5  տոկոսը:
  • Ֆիզիկական ակտիվության բացակայությունն առաջացրել է քաղցկեղով հիվանդացության դեպքերի 2,9  տոկոսը եւ դրանից մահացության 2,2 տոկոսը:

Բացի այդ, գիտնականները դիտարկել են քաղցկեղի 26 տեսակները, որպեսզի պարզեն, թե դրանցից որոնք են ավելի շատ կապված կենսակերպի գործոնների հետ: Նրանք հայտնաբերել են, որ քաղցկեղի 26 տեսակներից 15-ի դեպքում հիվանդացության այն դեպքերը, որոնք կարելի էր ռիսկի գործոնների նվազեցմամբ  կանխարգելել՝ կազմում են ավելի քան 50 տոկոս:

Այսպես, ռիսկի գործոններով պայմանավորված  ուռուցքային հիվանդությունների քանակը արգանդի պարանոցի քաղցկեղի եւ  Կապոշի սարկոմայի դեպքում տատանվել է մինչեւ 100 տոկոս, իսկ ձվարանների քաղցկեղի դեպքում՝ մինչեւ 4,3 տոկոս: Մելանոմայի, թոքերի, կոկորդի եւ բերանի խոռոչի քաղցկեղի դեպքերի ավելի քան 75 տոկոսը նույնպես կարելի էր կանխարգելել ռիսկի գործոնների նվազեցմամբ:

Հետազոտության մեջ հանգամանալից նկարագրվում է, թե քաղցկեղի որ տեսակի դեպքում ռիսկի գործոնն ինչ աստիճանով է ազդել

Ծխելը.

  • Թոքերի քաղցկեղի դեպքերի 81,7 տոկոսը
  • Կոկորդի քաղցկեղի դեպքերի 73,8 տոկոսը
  • Կերակրափողի քաղցկեղի դեպքերի 50 տոկոսը
  • Միզապարկի քաղցկեղի դեպքերի 46,9 տոկոսը

Ավելորդ քաշը.

  • Արգանդի քաղցկեղի դեպքերի 60,3 տոկոսը
  • Լյարդի քաղցկեղի դեպքերի 33,9 տոկոսը
  • Կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 11,3 տոկոսը
  • Կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի 5,2 տոկոսը

Ալկոհոլի օգտագործումը

  • Տղամարդկանց մոտ բերանի խոռոչի եւ կոկորդի քաղցկեղի դեպքերի 46,3 տոկոսը եւ կանանց մոտ 27,4 տոկոսը
  • Տղամարդկանց մոտ լյարդի քաղցկեղի դեպքերի 24,8 տոկոսը եւ կանանց մոտ 11,9 տոկոսը
  • Տղամարդկանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի 17,1տոկոսը եւ կանանց մոտ 8,1 տոկոսը
  • Կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 6,4 տոկոսը

Առանց միրգ-բանջարեղենի սննդակարգը.

  • Բերանի քաղցկեղի դեպքերի 17,6 տոկոսը
  • Կոկորդի քաղցկեղի դեպքերի 17,4 տոկոսը
  • Թոքերի քաղցկեղի դեպքերի 8,9 տոկոսը
  • Ֆիզիկական ակտիվության բացակայությունը.
  • Արգանդի քաղցկեղի դեպքերի 26,7 տոկոսը
  • Կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի 16,3 տոկոսը
  • Կանանց կրծքագեղձի քաղցկեղի 3,9 տոկոսը

ՄՊՎ վարակը.

  • Արգանդի պարանոցի բոլոր քաղցկեղային հիվանդությունները
  • Սրբանային քաղցկեղի դեպքերի 88,2 տոկոսը
  • Հեշտոցային քաղցկեղի դեպքերի 64,6 տոկոսը
  • Առնանդամի քաղցկեղի դեպքերի 56,9 տոկոսը
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթումը.
  • Տղամարդկանց մաշկի մելանոմայի դեպքերի 96,0 տոկոսը
  • Կանանց մելանոմայի դեպքերի 93,7 տոկոսը
  • Կալցիումի քիչ պարունակությունը.
  • Կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի 4,9 տոկոսը
  • Բջջանյութի քիչ պարունակությունը.
  • Կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի 10,3 տոկոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել