• Latest news

Սա նման է Արջամկան օրվան. ՄԻԲՍ ԲԿ տնօրենը՝ պետպատվերի մասին

1 փետրվարի, 2018  11:48

ՄԻԲՍ բժշկական կենտրոնին 2018 թվականին պետպատվերի հատկացումը մերժել են, ինչպես 2017-ին: NEWS.am Medicine-ի հետ զրույցում ԲԿ ղեկավար Արսեն Թորոսյանը նշեց, որ սա արդեն նման է Արջամկան օրվան:

Նա հիշում է 2016 թվականի աշնանից վարչապետի եւ առողջապահության նախարարի նվազագույնը 3 հայտարարություն, որ պետպատվերի բաշխման եղանակը վերանայվելու է: Ասվում էր, որ մեծ ծավալով մասնավոր ծառայություններ տրամադրող բժշկական կենտրոնները ավելի շատ պետական փող կստանան: Սակայն ե՛ւ 2017-ին, ե՛ւ 2018-ին պետպատվերը ըստ բուժհաստատությունների բաշխելիս այս սկզբունքը չի կիրառվել:

Նա հայտնեց, որ բոլոր բուժհաստատությունների վերաբերյալ հրամաններն արդեն կան, սակայն ցուցակը ոչ մի տեղ չի հրապարակվում, եւ սա նույնպես շատ հարցեր է առաջացնում. ըստ երեւույթին, թաքցնելու բան կա: «Ինչու այդ տեղեկությունը օնլայն չեն տեղադրում, որ մարդիկ իմանան, թե որ բուժհաստատությունում իրենց պետպատվերը չեն մերժի կամ չեն հերթագրի»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանին նախ Առողջապահության նախարարությունից բանավոր հայտնել են, որ նրա բժշկական կենտրոնը պետական պատվեր չի ստացել, այնուհետեւ նրա պահանջով գրավոր հիմնավորում են ուղարկել, որի համաձայն նրա կենտրոնը միակ մասնավոր բժշկական կենտրոնն է, որը հայտ է ներկայացրել եւ մերժում ստացել: Սակայն մեր տեղեկություններով՝ նախորդ տարիներին մերժվածներից շատերը հայտ չէին էլ ներկայացրել: Օրինակ՝ «Ալֆա-Բետտա» ախտորոշման կենտրոնը:

ՄԻԲՍ ԲԿ-ին պետպատվերի մեժման գրավոր հիմնավորումն այսպիսին է՝

«Հանձնաժողովի կարծիքով՝ բացակայում է հայտատուի մոտ բժշկական օգնության եւ սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը եւ դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաեւ նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը»:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այսպիսի հիմնավորմամբ հնարավոր է մերժել Երեւանի ցանկացած բուժհաստատության ֆինանսավորումը:

Նա նշեց, որ չնայած պետպատվերի բաշխման մեջ ոչինչ չի փոխվել, մեծ փոփոխության է ենթարկվել պետպատվերի հայտը: Սա այնպիսի «ծավալուն հետազոտական փաստաթուղթ» է, որը պարունակում է 2018 թվականի մանրամասն բիզնես ծրագիր, բժշկական կենտրոնի կառուցվածքի, նրա անձնակազմի, տեխնիկական հնարավորությունների, անցած մի քանի տարիներին մատուցած ծառայությունների մասին տվյալներ, այդ թվում՝ վճարովի, պետական պատվերի եւ սոցփաթեթի շրջանակում: Նույնիսկ պահանջվում է գնահատել 2018 թվականի համար ընկերության ռիսկերը, ներառյալ ոչ միայն տեղական ռիսկերի գործոնները, այլեւ գլոբալ՝ աշխարհաքաղաքական: «Ես այն կազմում էի ու մտածում՝ ինչ իմաստ ունի այսպիսի բիզնես ծրագիր գրել, եթե, միեւնույն է, ֆինանսավորումը մերժելու են: Այսինքն՝ եթե ոչ մեկը այս փաստաթղթերը չի էլ նայելու պետպատվերը բաշխելիս: Ես այս արտահայտությունը գրեցի իմ բիզնես ծրագրում. «Ինչո՞ւ եք մեզանից բիզնես ծրագիր ուզում, եթե, միեւնույն է,  որոշում ընդունելիս հաշվի չեք առնելու»: Եղավ այն, ինչը ես սպասում էի՝ հերթական չկատարված խոստումը»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ միակ լավ փոփոխությունը, որ կատարվել է 2017 թվականին, սոցփաթեթի փոխանցումն է ապահովագրական ընկերություններին: Առողջապահության նախարարությունը խոստանում է նույնը կատարել նաեւ 600 հազար սոցիալապես անապահովների համար, եւ սա պետպատվերն ավելի արդարացի բաշխելու հնարավորություն կտա: Սակայն, հաշվի առնելով, թե այդ ամենը որքան երկար տեւեց սոցփաթեթի դեպքում, Արսեն Թորոսյանն առանձնապես հույս չունի, որ 2018 թվականի ընթացքում դա կիրականացվի: Առավել եւս, որ 2018-ի ապրիլին վարչապետի ընտրություն է անցկացվելու, կառավարության փոփոխություն է կատարվելու, եւ հնարավոր է համակարգում ռեսթարթ իրականացվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է