• Latest news

Հայաստանում կատարվել են նորածինների աչքի նորարարական վիրահատություններ (ֆոտո)

29 ապրիլի, 2014  18:13

Առաջին անգամ Հայաստանում կատարվել են նորածինների աչքի նորարարական վիրահատություններ, որոնք կարող են անհասության ռետինոպաթիայով տառապող վաղաժամկետ ծնված երեխաներին փրկել ձեռքբերովի կուրությունից։ Մինչեւ այժմ Հայաստանում եւ տարածաշրջանում նմանատիպ վիրահատություններ չէին կատարվում։

Անհասության ռետինոպաթիան աչքերի ծանր հիվանդություն է, որը հանդիպում է վաղաժամկետ ծնված երեխաների մոտ եւ որի պատճառով նրանց մոտ կարող է կուրություն զարգանալ։ Ինչպես ապրիլի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, մինչեւ վերջերս Հայաստանում ոչ մի քայլ չէր արվում՝ այս հիվանդությունը եւ նրա պատճառով առաջացող բարդությունները բուժելու համար։ «15 տարի առաջ ես չէի պատկերացնում, որ մենք կկարողանանք այդ մեծագույն խնդիրը լուծել», - ասաց նա։

Հայկական ակնաբուժության ծրագրի (ՀԱՆ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» (ՄԿԿԳԿ) ծրագրի շրջանակներում Հայաստան էր հրավիրվել բժիշկ Սյու Չեն Վոնգը (Մեծ Բրիտանիա, Moorfields Eye Hospital and Royal Free London Hospital), ով ապրիլի 28-ին իրականացրել է 4 վիրահատություն եւ օգնել վերապատրաստել հայ մասնագետներին: Վիրահատությունները կատարվել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղակայված ՄԿԿԳԿ վիրահատարանում։ Վիրահատություններին առցանց հետեւում էր նաեւ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի աչքի կենտրոնի տնօրեն, ամերիկյան կողմից ՀԱՆ-ի ՄԿԿԳԿ ծրագրի ղեկավար, բժշիկ Թոմաս Լին։

Ինչպես ասուլիսի ժամանակ ասաց Սյու Չեն Վոնգը, աշխարհում շատ քիչ են նմանատիպ վիրահատություններ կատարող մասնագետները. Նա նույնիսկ անձամբ ճանաչում է բոլոր այդ բժիշկներին, որոնք թվով ընդամենը մոտ 30-նն են։ Շատերը, ըստ Վոնգի, չեն ցանկանում նմանատիպ վիրահատություններ կատարել, քանի որ կույր երեխաներին տեսնելը եւ նրանց հետ աշխատելը հոգեբանորեն բավական դժվար է; բացի այդ, վիրահատությունը բավական բարդ է, եւ նախապես գրեթե անհնար է կանխատեսել, թե ինչ արդյունքների այն կբերի։ Ըստ նրա՝ վիրահատված երեխան կունենա լույսը տեսնելու գոնե 50-50 հնարավորություն, մինչդեռ առանց վիրահատության նրանց՝ լույսը տեսնելու շանսերը իջնում են 10-20 տոկոսի։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նախագահ Ռազմիկ Աբրահամյանն իր հերթին ասաց, որ Հայաստանում ծնվող երեխաների մոտ 7-9 տոկոսը վաղաժամկետ են ծնվում։ Տարեկան մեր երկրում ծնվում է մոտ 400-500 երեխա՝ 500-1500 գրամ քաշով, եւ նրանց 30 տոկոսի մոտ հայտնաբերվում է անհասության ռետինոպաթիա։

«Այսինքն, տարեկան Հայաստանում մոտ 150 նորածին տառապում է ռետինոպաթիայով», - ասաց նա, ավելացնելով, որ ինչքան ավելի վաղ հայտնաբերվի այս խնդիրը, այդքան ավելի մեծ կլինի բուժման հավանականությունը, այսինքն, հնարավոր կլինի խուսափել կուրությունից։

ՀԱՆ նախագահ Ռոջեր Օհանեսյանն ասաց, որ ՀԱՆ-ը 2010 թվականից Հայաստանում իրականացնում է «Անհասության ռետինապաթիայի ակնային զննումների եւ բուժման ազգային ծրագիրը», իսկ 2012 թվականին մեկնարկեց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը։

Օհանեսյանը ի դեպ Հայաստան է բերել վիրահատությունների համար անհրաժեշտ սարքավորումները, իսկ ղեկավարելու է ծառայությունը Մալայանի կլինիկան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել