• Latest news

Ի՞նչ վտանգներ են քողարկում ատամի խոզանակները

17 փետրվարի, 2018  22:20

Ատամի խոզանակները կարող են շատ վտանգավոր լինել առողջության համար, քանի որ դրանց մեջ կուտակվում են քիմիական նյութերը, որոնք պարունակվում են հակամիկրոբային ատամի մածուկներում։ Այս մասին նախազգուշացնում են Մասաչուսեթսի համալսարանի գիտնական էկոքիմիկոսները։

Պարզվում է՝ տրիկլոզանը՝ որոշ ատամի մածուկների հակաբակտերիալ բաղադրիչը, կուտակվում է նեյլոնային խոզանակների վրա։ Եթե մարդը սկսում է այլ ատամի մածուկ գործածել, որը տրիկլոզան չի պարունակում, այդ նյութը սկսում է հեշտությամբ ազատվել խոզանակի մակերեսից ու թքի հետ միասին հայտնվել մարդու օրգանիզմում անվերահսկելի քանակությամբ, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Ինչո՞վ է վտանգավոր տրիկլոզանը

2016-ի սեպտեմբերին ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության վարչությունը արգելել է տրիկլոզանի գործածումը հակասնկային ու հակաբակտերիալ օճառներում, գելերում ու անձեռոցիկներում։ Բայց այդ նյութն առաջվա պես թույլատրված է ներառել հակաբակտերիալ ատամի մածուկների բաղադրությունում, քանի որ այն արդյունավետորեն կանխում է գինգիվիտն ու լնդերի որոշ այլ հիվանդություններ։

 FDA-ի տվյալներով՝ «կենդանիների վրա որոշ կարճաժամկետ հետազոտություններ ցույց են տվել, որ տրիկլոզանի բարձր չափաբաժինների ազդեցությունը կապակցված է վահանաձեւ գեղձի որոշ հորմոնների մակարդակի նվազման հետ, բայց դեռ հայտնի չէ մարդու առողջության համար այդ նյութի ազդեցությունը»։ Որոշ գիտնականներ պնդում են, որ տրիկլոզանի քրոնիկ ազդեցությունը նպաստում է հակաբիոտիկների հանդեպ բակտերիաների կայունության զարգացմանը։

Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեք ամիս շարունակ օրական երկու անգամ նույն խոզանակով ատամները լվանալու դեպքում դրա վրա կուտակվում է զգալի քանակության տրիկլոզան։ Կուտակված տրիկլոզանը ատամները լվանալու ժամանակ հեշտությամբ հայտնվում է մարդու օրգանիզմում հենց նա անցնում է առանց տրիկլոզանի ատամի մածուկի գործածման։ Եվ միայն երկու շաբաթ հետո է մարդու բերանի խոռոչում հայտնվող տրիկլոզանի քանակը աստիճանաբար սկսում նվազել՝ խոզանակի վրայից դրա մաքրվելուն զուգահեռ։

Տրիկլոզանից բացի խոզանակի վրա կուտակվում են նաեւ այլ վնասակար քիմիական նյութեր, որոնք պարունակվում են ատամի մածուկներում՝ սպիտակեցնող բաղադրիչները, եթերային յուղերը, կայունացնող նյութերը, հակաբորբոքային բաղադրիչները։

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս ատամի խոզանակները փոխել առնվազն երեք ամիսը մեկ անգամ։ Բացի դրանից ամեն անգամ երբ անցնում եք նոր ատամի մածուկի գործածման՝ ատամի խոզանակը նույնպես պետք է փոխել։ Այս հասարակ սովորությունը կօգնի զգալիորեն նվազեցնել տրիկլոզանի ու այլ վնասակար նյութերի ներթափանցումը մարդու օրգանիզմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել