• Latest news

Կամրջից իրեն նետած աղջիկն արդեն կարողանում է քայլել ու շուտով դուրս կգրվի հիվանդանոցից

4 մարտի, 2018  15:35

23-ամյա Անուշ Չ․-ն, որին փրկարարները դեկտեմբերի 15-ին փրկել էին Աշտարակի կամրջի տակից, արդեն կարողանում է քայլել, չնայած հենակների օգնությամբ։ Մի քանի օրից նրան դուրս կգրեն «Իզմիրլյան» ԲԿ-ից, որտեղ նրան բուժում էին վերջին մի քանի ամիսներին։

NEWS.am Medicine-ի թղթակցին «Իզմիրլյան» ԲԿ օրթոպեդիայի ու սպորտային վնասվածքների բաժնի ղեկավար Սահակ Սարիբեկյանը հայտնել էր, որ մի քանի օր առաջ մասնագետները հեռացրել էին իմպլանտներից մեկը, որը տեղադրել էին հունվարի 4-ին իրականացված բարդ վիրահատության ժամանակ։ Մնացած իմպլանտները կմնան Անուշի հետ ամբողջ կյանքում։

Կամրջից ընկնելուց աղջիկը վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ ու գլխի վնասվածք էր ստացել։ Որոշ ժամանակ նա անցկացրել է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, որից հետո նրան տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ երկշաբաթյա բուժումից հետո նա շատ բարդ վիրահատության է ենթարկվել՝ իլեոինգվինալ մուտքի միջոցով մասնագետների թիմը վերականգնել է փոքր կոնքի օղակի կառուցվածքը, սիմֆիզը, զստոսկրի կոտրվածքների հիմնական գոտիները։ Ոսկորների ֆիքսացիայի համար օգտագործվել են եւ առանձին պտուտակներ եւ մետաղական սկավառակներ՝ պտուտակներով։ Վիրահատության ժամանակ աղջկան մոտ 1300 մլ արյուն են ներարկել։

Անուշի վիրահատությունները մասամբ պետպատվերով են իրականացվել, սակայն նրա ընտանիքը պետք է մուծի համավճար՝ 350 000 դրամի չափով։ Քանի որ ընտանիքը անապահով է, իսկ աղջկա վիճակը ծանր էր ու շտապ միջոցառումներ էր պահանջում, «Իզբիրլյան» ԲԿ-ն այդ ծախսերը ինքն է հոգացել, ավելին՝ տնօրենն ու նրա գործընկերները աղջկան տրամադրել են թանկարժեք մետաղական իմպլանտներ, որոնք չէին մտնում պետպատվերի մեջ։ Բուժկենտրոնը նաեւ աղջկան տրամադրել էր հիվանդասենյակ ու երեք անգամյա սնունդ։

Աղջիկը պատմել է, որ փորձել է ինքնասպան լինել աշխատանք գտնելու մի քանի անհաջող փորձերից հետո։ Նա բուժքրոջ կրթություն է ստացել, բայց ոչ հարազատ քաղաքում, ոչ Երեւանում չէր կարողացել աշխատանք գտնել ՝ նույնիսկ ոչ մասնագիտական։ Այդ ապրումներն էլ հենց նրա արարքի պատճառն էին դարձել։ Հիմա, հիշելով այդ օրերը, Անուշը խոստովանում է, որ եթե կարողանար ետ բերել անցյալը, կցանկանար, որ որեւէ մեկը կանգնեցներ իրեն։

Ողջ մնալուց հետո Անուշը, իր իսկ խոսքով, սկսել է բոլորովին այլ կերպ նայել աշխարհին։ Եվ քան ի որ նրա մոտ երկրորդ հնարավորություն է հայտնվել, ապաքինվելուց հետո աղջիկը մտադիր է նոր կյանք սկսել։

Բժիշկ Սահակ Սարիբեկյանի խոսքով՝ հիմա աղջիկն արդեն կարողանում է քայլել, իսկ մի քանի օրից նրան մտադիր են դուրս գրել։ Հետագայում Անուշը պետք է նեյրոգրաֆիա անցնի, քանի որ նրան անհանգստացնում է ոտնաթաթերից մեկի զգայունակության կորուստը։ Այդ հետազոտությունը կարող է հայտնաբերել նյարդերի հետ կապված խնդիրներ ու հուշել բուժման ճիշտ ուղին։ Նաեւ նրան անհրաժեշտ է ֆիզիոթերապիա ու ռեաբիլիտացիա ու իհարկե ՝ հոգեբանի օգնություն։

Անուշին ու նրա ընտանիքին օգնել ցանկացողները կարող են ցանկացած գումար փոխանցել «ՎՏԲ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին․

AMD 1606 7016 139900
USD 1606 7016 139901
EUR 1606 7016 139902
RUR 1606 7016 139903

Շահառու՝ Շահբազյան Մարգարիտ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել