• Latest news

Ի՞նչ է «Իքս հիվանդությունը» եւ ինչո՞ւ պետք է դրանից վախենալ

13 մարտի, 2018  14:23

Վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերւպությունը խոսել է առայժմ անհայտ հիվանդության հնարավոր համաճարակի մասին, որն անվանել են «Իքս հիվանդություն»:

ԱՀԿ-ն ամեն տարի կազմում է այն հիվանդությունների ցանկը, որոնք հասարակական առողջապահությանը վտանգ են ներկայացնում եւ լուրջ համաճարակներով են սպառնում: Անցյալ տարիներին այս ցանկերի մեջ էին մտնում այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են Էբոլան, Զիկան, Լասսա կամ SARS տենդը (ծանր սուր շնչառական համախտանիշ): Իսկ հիմա ԱՀԿ-ն առաջին անգամ խոսել է առասպելական հիվանդության մասին, որի մասին առայժմ ոչ ոք ոչ մի բան չգիտի, բայց որը ապագայում կարող է գլոբալ համաճարակ առաջացնել:

Չնայած անվանմանը, «Իքս հիվանդությունը» ոչ մի կապ չունի գերունակություններով օժտված երեխա մուտանտների հետ (Իքս մարդիկ) ֆիլմերի ու կոմիքսների շարքից: Ավելին՝ սա դեռեւս ընդամենը հիպոթետիկ վիրուս է, որը կարող է հայտնվել ոչ հեռու ապագայում եւ համաճարակի պատճառ դառնալ: ԱՀԿ մասնագետների խոսքով՝ այս հեռանկարի ըմբռնումը կարող է օգնել արդեն այսօր  պատվաստանյութեր եւ կանխարգելիչ այլ միջոցներ մշակել, որոնք կօգնեն լիովին զինված դիմավորել նոր հիվանդությունը:

«Պատմությունը ցույց է տալիս, որ հաջորդ բռնկումն ավելի շուտ կապված կլինի հիվանդության հետ, որին նախկինում չենք հանդիպել,- The Telegraph-ի հետ հարցազրույցում ասել է ԱՀԿ գիտական խորհրդական, բժիշկ Ջոն-Արնե Ռոթինգենը: - Մենք ցանկանում ենք, որպեսզի մշակվեն «Միացիր եւ խաղա» տիպի պլատֆորմներ, որոնք կաշխատեն ցանկացած հիվանդության կամ առավելագույն մեծ թվով հիվանդությունների դեպքում: Մենք համակարգերի կարիք ունենք, որոնք մեզ արագ հակամիջոցներ ձեռնարկելու հնարավորություն կտան»:

Բժիշկ Ռոթինգենի խոսքով՝ ավելի հավանական է, որ Իքս հիվանդությունն առաջացնի ձեւափոխված զոոնոզային վիրուսը. վիրուս, որը նախկինում ախտահարել է միայն կենդանիներին, սակայն ձեւափոխվելով՝ սովորել է ախտահարել նաեւ մարդկանց, վատագույնն այն է, որ վաղ թե ուշ, ձեւափոխված վիրուսը կսկսի մարդուց մարդուն փոխանցվել, ինչն էլ կբերի հիվանդացության բռնկման: Այսպես եղավ Էբոլայի, սալմոնելայի, ՄԻԱՎ-ի եւ մի ամբողջ շարք այլ հիվանդությունների դեպքում, որոնք, ինչպես այսօր է համարվում, սկզբնապես զոոնոզային են եղել:

Մասնագետի խոսքով՝ ժամանակակից մարդիկ ապրում են մոլորակի բոլոր անկյուններում, բոլոր էկոհամակարգերում, ինչի հետեւանքով շփվում են ավելի մեծ թվով տարբեր կենդանիների հետ, ինչը մեծացնում է նրանցից զոոնոզային հիվանդություններով վարակվելու վտանգը:

Մեկ այլ տեսության համաձայն՝ Իքս հիվանդությունը կարող է հայտնվել լաբորատորիայից. այսօր մեծ թվով հետազոտություններ են կատարվում, եւ բացառված չէ, որ ինչ-որ մեկի սխալի պատճառով կամ չարամտորեն որեւէ այժմ անհայտ վիրուս լաբորատորիայի պատերից դուրս գա:

ԱՀԿ մասնագետների խոսքով՝ երկրագունդն արդեն այսօր պետք է նախապատրաստվի դեռեւս անհայտ վիրուսային հիվանդության հաջորդ բռնկմանը, այլապես դրան դիմակայելը գործնականում անհնար է: Ըստ ԱՀԿ-ի՝ երկրների կառավարությունները պետք է սկսեն իրենց առողջապահության համակարգերում ավելի շատ ներդրումներ կատարել, իսկ բժիշկներին եւ բուժքույրերին արդեն այսօր պետք է սկսել պատրաստել հնարավոր բռնկմանը, քանի որ հենց նրանք են առաջինը տեսնելու այս հիվանդությունը, եւ հենց նրանք են ունենալու արագ կողմնորոշվելու եւ դրա տարածումը կասեցնելու հնարավորությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել