• Latest news

Մեկ տուփ ծխախոտը մեկ բոքոն հացից էժան էր. Մոլդովացի պատգամավորը կիսվել է հակածխախոտային օրենքի ներդրման փորձով

20 մարտի, 2018  14:26

Մոլդովայի տնտեսության մեջ ծխախոտի արտադրությունն ու արտահանումը միշտ հատուկ տեղ է զբաղեցրել. շատ տասնամյակների ընթացքում հենց ծխախոտն է ապահովել երկրի ՀՆԱ-ի զգալի մասը: Սակայն, ինչպես հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Օքսանա Դոմենտին,  այս ամենը չի խանգարել Մոլդովայում ներդնել հակածխախոտային օրենքը եւ հասարակական վայրերում ծխելն արգելել:

Օքսանա Դոմենտիի խոսքով՝ դեռեւս 10 տարի առաջ ծխախոտը շատ հասանելի էր ինչպես ֆինանսապես, այնպես էլ ֆիզիկապես. մեկ տուփ ծխախոտն ավելի էժան էր, քան մեկ բոքոն հացը, իսկ ծխախոտ վաճառում էին ամենուր, նույնիսկ կրթական հաստատությունների մոտ: Կար նաեւ ծխախոտի ագրեսիվ գովազդ, որն իսկապես գրավում էր երիտասարդներին: Արդյունքում՝ երկրում ծխողների թիվը շատ մեծ էր՝ նրանց թվով Մոլդովան տարածաշրջանում չորրորդն էր:

Դոմենտիի խոսքով՝ Մոլդովայում ծխելու դեմ պայքարը սկսել են «կիսամիջոցներից». Նախ ռեստորանների եւ բարերի տերերին պարտադրել են առանձնացնել չծխողների սրահները: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ նման միջոցառման օգուտը քիչ է. չծխողների սրահներում, եթե հաստատության այլ սրահներում կարելի էր ծխել, օդի մեջ վնասակար նյութերի մակարդակը, միեւնույն է, թույլատրելիից 13 անգամ բարձր էր:

Այսօր Մոլդովայում ծխելը արգելված է բոլոր հասարակական վայրերում, նույնիսկ այն, որոնք բացօթյա են: Ծխել չի կարելի նաեւ հիվանդանոցներին, կրթական հաստատություններին, այգիներին հարակից տարածքներում: Ծխախոտային ընկերություններն իրենց արտադրանքը գովազդելու եւ նույնիսկ որեւէ միջոցառման հովանավոր հանդես գալու իրավունք չունեն:

Ինչպես նշեց Օքսանա Դոմենտին, հակածխախոտային օրենքի ներդրմանը բոլորն են նպաստել՝ ե՛ւ առողջապահության նախարարությունը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ կրթության նախարարությունը, ե՛ւ ակտիվ քաղաքացիական հասարակությունը, ե՛ւ բժիշկների ասոցիացիան, ե՛ւ բժշկական համալսարանների ուսանողները:

«Սկզբում հոռետեսները մեծաթիվ էին՝ շատերն ասում էին, որ այս օրենքը չի աշխատի: Սակայն 3 ամսվա ընթացքում օրենքին ենթարկվեց օբյեկտների մեծամասնությունը: Կային, իհարկե, ռեստորաններ, որ պատրաստ էին տուգանքներ վճարել, որպեսզի այցելուներին թույլ տային ծխել: Օրենքն ուժի մեջ է մտել 2 տարի առաջ, եւ այսօրվա դրությամբ այն 90 տոկոսով կատարվում է»,- նշեց պատգամավորը:

Նա հավելեց, որ չնայած ծխախոտային լոբբինգի եւ որոշ քաղաքացիների կանխատեսումներին, ոչ մի ռեստորան կամ բար չի սնանկացել հասարակական վայրերում ծխելու արգելքի պատճառով, ոչ մեկը դրա պատճառով չի փակվել: Հակառակը՝ նոր օրենքի ներդրումից հետո այս հաստատությունների եկամուտները 2 տոկոսով աճել են, քանի որ դրանք չծխող մարդկանց համար ավելի գրավիչ են դարձել:

Ավելին՝ եթե մինչեւ օրենքի ներդրումը, հարցումների համաձայն, բնակչության մոտ 80 տոկոսն էր այն աջակցում, ապա հիմա աջակցում է 95 տոկոսից ավելին:

«Ծխախոտային ծխից ազատ տարածքի ստեղծման ճանապարհը հեշտ չէ ու փշոտ է: Մեր փորձը ցույց է տալիս, որ նման օրենքները գործուն են»,- նշեց Դոմենտին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հանդես է եկել ծխելու դեմ ռազմավարական ծրագրով, որը նախատեսում է երեք բաղադրիչ՝  օրենսդրական, միջազգային, գովազդա-հոգեբանական եւ առողջապահական:

Տարեսկզբին Հայաստանի առողջաահության նախարարությունը հեղինակել էր «Ծխախոտային արտադրանքի բացասական ազդեցության նվազեցման մասին» նոր օրինագիծ, որը ներկայումս ուղարկվել է գերատեսչություններին քննարկելու համար: Այնուհետեւ այն պետք է ստանա կառավարության հավանությունը, եւ միայն դրանից հետո ուղարկվի Ազգային ժողով: Բացի մի շարք սահմանափակումներից, նախագծով առաջարկվում է ծխելն արգելել բոլոր փակ հաստատություններում, այլ ոչ ընտրովի, ինչպես գործող օրենքում է:  Նախատեսվում է, որ բարերում ու ռեստորաններում չեն լինի ծխողների եւ չծխողների համար հատուկ տարածքներ: Օրինագծով արգելքի խախտման համար մեծ տուգանքներ են սահմանվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել